ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին Համբուրգում հանդիպել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերի հետ:
Հանդիպման սկզբում Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է Սվեն Միկսերին` Էստոնիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ նոր լիցք կհաղորդվի երկկողմ փոխգործակցությանը:
Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Էստոնիայի միջև քաղաքական երկխոսության դրական դինամիկայով` շեշտելով, որ Հայաստանը հետաքրքրված է զարգացնելու և ամրապնդելու հայ-էստոնական հարաբերությունները: Որպես կարևոր քայլ այս ուղղությամբ նշվել է իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների ընթացքին, շեշտվել է մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը։
Էստոնացի գործընկերոջ խնդրանքով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի հավասարակշիռ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:









































