ԵՄ-ն ողջունում է օգոստոսի 14-ին խաղաղ բանակցությունների հերթական ռաունդն անցկացնելու Իսրայելի և Պաղեստինյան ինքնավարության մտադրությունը և կոչ է անում կողմերին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են խափանել այդ գործընթացը: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայքլ Մենը, փոխանցում է RIA Novosti-ն:
Երեք տարվա դադարից հետո իսրայելցիների ու պաղեստինցիների միջև ուղիղ խաղաղ բանակցությունները վերսկսվել էին Վաշինգտոնում հուլիսի 30-ին: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ կողմերը նպատակ են դնում հակամարտությունը կարգավորել 9 ամսում:
Անցած շաբաթ Իսրայելը նամակ էր ուղարկել ԱՄՆ պետքարտուղարին՝ քննադատելով պաղեստինցի քաղաքական գործիչների որոշ հայտարարությունները: Պաղեստինի ազատագրման կազմակերպության ներկայացուցիչ Հանան Աշրաուին այդ նամակը համարել էր փորձ՝ շեղելու ուշադրությունը օկուպացված տարածքներում Իսրայելի կողմից իրականացվող բնակավայրերի շինարարությամբ միջազգային իրավունքի կոպիտ խախտումներից:










































