Գյումրիի ողբերգությունը Հայաստանի պատմության ամենասարսափելի էջերից մեկն է։ 1988թ. դեկտեմբերի 7-ին Սպիտակում տեղի ունեցավ ուժգին երկրաշարժ, որի ցնցումը հավասարազոր էր տասնյակ ատոմային ռումբերի պայթյունի ուժին։ Երկրաշարժը, որը զգացվեց հանրապետության տարածքի մի մասում, ավերեց Սպիտակ, Լենինական (ներկայիս՝ Գյումրի), Կիրովական (ներկայիս՝ Վանաձոր) քաղաքները և մի շարք այլ բնակավայրեր։
Երկրաշարժը Գյումրիում խլեց 17 հազար մարդու կյանք։ Քաղաքում շարունակում է կանգուն մնալ «Լյուքս» վարսավիրանոցը, որն իր դռները չի փակել անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և մինչ օրս սպասարկում է նախկին Լենինականի բնակիչներին՝ գրում է lenta.ru կայքը։
Վարսավիրանոցում չեն սիրում հիշել այդ օրը, քանի որ այն մեծ ցավ է պատճառում։ Lenta.ru-ն և PAN Photo գործակալությունը պատմում են Գյումրիի խորհրդանիշներից մեկի և դրա վարպետների մասին։
«Լյուքս» վարսավիրանոցը բացվել է 1941 թվականին։ Սրահի տնօրեն Դավիթ Գալստյանի խոսքով, որն այնտեղ աշխատում է արդեն 35 տարի, վարսավիրանոցը վերանորոգվել է ընդամենը մեկ անգամ՝ 1986թ.։ Երկրաշարժի ժամանակ 20-րդ դարի 20-ական թվականներին կառուցված շենքը չի տուժել։

«Երկիրն այնպես շարժվեց, որ հնարավոր չէր ոտքի վրա կանգնած մնալ։ Բարձր շինությունները փլուզվում էին մարդկանց աչքի առաջ։ Ես վազեցի երեխաներիս հետևից, որոնք գտնվում էին դպրոցում։ Փառք Աստծո, նրանք ողջ էին, բայց կնոջս կորցրեցի։ Նրան գտան 11 օր հետո փլատակների տակից։ Գիշերն ենք թաղել, որ երեխաները չտեսնեն»,- հիշում է Գալստյանը։
Վարսավիրանոցում աշխատում են տղամարդիկ՝ 35-84 տարեկան։ Ամենատարեց վարսավիրը՝ Արիստակեսյանը, պատմում է, որ նախկինում կարող էին օրական սպասարկել մինչև 90 մարդու։ Այժմ 11 վարսավիրները սպասարկում են շուրջ 50 մարդու։

Երկրաշարժից հետո Գյումրին դատարկվեց, մարդիկ սկսեցին արտագաղթել։

Վարպետ Խանիկը, ով 63 տարի աշխատում է վարսավիրանոցում, սպասարկել է դերասան Ֆրունզիկ Մկրտչյանին, գրողներ Ավետիք Իսահակյանին, Հովհաննես Շիրազին և այլ հայտնի անձանց։ Որոշ ընտանիքներում վարպետի մասնագիտությունը ժառանգաբար է փոխանցվում։ Օրինակ՝ այժմ «Լյուքս»-ում աշխատում են Հովիկ Գրիգորյանի տղաները, որն այստեղ վարսավիրություն է արել շուրջ 50 տարի։ Հովիկի մահից հետո նրա գործը փոխանցվեց ընտանիքին, և որդիները հետևեցին նրա օրինակին։



Չնայած հաճախորդների քիչ թվին՝ Մարգարիտան, որը մաքրում է վարսավիրանոցի տարածքը, ամեն օր, ժամը 08:00-ին, բացում է սրահի դռները։


Գյումրիում նախկինում գործել է նաև «Զեփյուռ» վարսավիրանոցը, որը վաճառվել է։ Դրա կողքին գործող կանանց վարսավիրանոցը ևս փակվել է, իսկ «Լյուքս»-ը դեռևս գործում է՝ շնորհիվ անհավանական ջանքերի։

Կեսօրից հետո վարսավիրները զբաղվում են իրենց գործերով՝ նարդի են խաղում, քննարկում վերջին լուրերը։

Այցելուներից մեկը, որը դիզայներ է Գերմանիայից, խորհուրդ է տվել ոչինչ չփոխել վարսավիրանոցում, պահպանել հին կահույքը, 120 տարեկան հայելիները, հին ջահերը։

Այստեղ կա 1983թ. մանկական բազկաթոռ։ Վարսավիրները չեն ցանկանում ոչինչ փոխել՝ բացառությամբ հատակի լինոլեումից և բազկաթոռների կաշվե պաստառից։


























































