Այսօր նշվում է Երիտասարդության միջազգային օրը, որը 1999թ. դեկտեմբերի 17-ին սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան՝ 1998թ. օգոստոսի 8-12-ը Լիսաբոնում տեղի ունեցած Երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային համաժողովի առաջարկությամբ:
Առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը տոնել են 2000թ. օգոստոսի 12-ին, հաղորդում է Calend-ը:
Համաժողովը խորհուրդ է տվել կազմակերպել տեղեկատվա-գաղափարական միջոցառումներ՝ ի նպաստ օրվա, որպեսզի ներկայացվեն երիտասարդներին վերաբերող գործողությունների ծրագրերը:
Երիտասարդությունը համաշխարհային աշխատուժի մեկ քառորդն է, այնինչ նրան բաժին է ընկնում գործազրկության կեսը:
Այսօր աշխարհում հաշվվում է մոտ 3 մլրդ մինչև 25 տարեկան բնակիչ, որոնցից կես միլիարդը ապրում է աղքատության մեջ:
Ավելի քան 100 մլն երեխա չի հաճախում դպրոց: Ամեն օր աշխարհում 30 հազար երեխա մահանում է աղքատության պատճառով:
Ամեն օր ՁԻԱՀ-ով վարակվում է մոտ 7 հազար երիտասարդ:









































