Եթե Տեր-Պետրոսյանը նույնիսկ սխալներ է գործել, իր անձնական շահի համար չի արել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ մեկնարկած ստորագրահավաքին:
Նա նշեց, որ քոչարյանասերժական ռեժիմն իշխանությունը բռնազավթելուց անմիջապես հետո իր վտանգը միշտ զգաց Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա շրջապատի ուժերի մեջ, ուստի ամեն ջանք ու եռանդ, միջոց, գումար, հնարավորություն չխնայեց, գործի դրեց, որպեսզի Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա աջակիցներին կաշառի կամ պառակտի, ցիրուցան անի՝ շատ լավ իմանալով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կուսակցություն է հիմնել, որն աշնան ամիսներին պետք է լուրջ գործողություններ սկսի իրականացնել: Ըստ նրա՝ սա է պատճառը, որ արշավ են սկսել ծավալել Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, որպեսզի ժողովրդի մոտ պատրանքներ ստեղծեն, թե Լևոն Տեր-Պետրոսյանն է մեղավոր ներկայիս վիճակի համար, և ամեն ինչը բարդեն նրա վրա՝ չհասկանալով մի տարրական իրողություն՝ Լևոն Տեր-Պետրոսյանը մեր պատմության մեջ առաջին գերագույն գլխավոր հրամանատարն էր, որի իշխանության տարիներին ՀՀ-ն հաղթեց Արցախյան ազատամարտը:
«Իսկ պատերազմի և երկրաշարժի պայմաններում, եթե նա կարողացավ հաղթանակ ապահովել, ուրեմն մնացյալ բոլոր թերությունները դրա առաջ նսեմ են երևում, ստվեր գցում մյուս թերությունների վրա, որովհետև բոլոր զրկանքների գինը հաղթանակն էր, իսկ իրենք պետք է պաշտպանվեն, գիտեն, որ մեղքեր են գործել, և մոտենում է հատուցման պահը, որը թեև ուշանում է, բայց խիստ ու դաժան է լինելու: Նրանք շատ լավ գիտեն, որ խստագույնս պատասխանատվություն կկրեն իրենց արարքների համար, երբ իշխանության գա Լևոն Տեր-Պետրոսյանը, դրա համար նրա դեմ արշավ են ծավալում: Երբ խորքային վերլուծության եմ ենթարկում Լևոն Տեր-Պետրոսյանի քայլերը, պարզում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գրեթե լուրջ սխալներ ու մեղքեր չունի գործած, եթե ինչ-որ սխալներ էլ եղել են, նա դրանք չի գործել անձնական շահ ստանալու համար»,- ասաց Վարդան Մալխասյանը:
Հիշեցնենք, որ այս օրերին ստորագրահավաք է իրականացվում ՀՀ քաղաքացիների շրջանում. «Ես` Հայաստանի Հանրապետության քաղաքացիս, միանում են ներկայացված դատական հայցին ընդդեմ Լևոն Տեր Պետրոսյանի, առ այն, որ նա 1995թ. կեղծելով սահմանադրական հանրաքվեն՝ ժողովրդից խլեց իշխանությունը»:









































