«Ժամանակ» թերթը գրում է. ««Ազատ դեմոկրատներ» և «Համախմբում» կուսակցությունները տևական ժամանակ բանակցում են նախընտրական դաշինք կազմելու ուղղությամբ, սակայն վերջնական համաձայնություն չի հաջողվում կայացնել։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության արդեն նախկին փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հենց այս դաշինքին է դեմ եղել, ինչի պատճառով էլ անցյալ շաբաթ լքեց կուսակցության շարքերը։ Վերջինիս համար անընդունելի է եղել Վարդան Օսկանյանի հետ դաշինքի հեռանկարը։
Մեզ հասած տեղեկություններով՝ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է մի պահ Օսկանյանի հետ բանակցել, փորձել է բանակցային սեղանի շուրջ հավաքել «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցություններին, սակայն Նիկոլ Փաշինյանն ու Արամ Սարգսյանը կտրականապես դեմ են եղել՝ պնդելով, որ Մարտի 1-ի պատասխանատու Օսկանյանի հետ ճանապարհ չունեն անցնելու։ Օսկանյանը, սակայն, դեմ չի եղել վերջինների հետ դաշինքին։










































