Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում նախնական արդյունքներով ձայների 42 տոկոսով ընտրվել է անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը:
Ալեքսանյանի հիմնական մրցակցին՝ գործող գյուղապետ, իշխող «Հանրապետական» կուսակցության անդամ Նշան Միսակյանին վերընտրվելու համար չի բավարարել 44 ձայն: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գործող գյուղապետն ասել է, որ չի ընդունում պարտությունը և դիմել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ պահանջելով վերահաշվարկ գյուղի միակ ընտրատեղամասում:
Նշենք, որ թեև նորընտիր գյուղապետ Ալեքսան Ալեքսանյանը անկուսակցական է, սակայն նրա թեկնածությունը պաշտպանում է իշխող կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Սակայն Ալեքսանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել է այս տեղեկությունը:
«Իմ հետևում ընկերներն են կանգնած, ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել և առայժմ ցանկություն էլ չունեմ», – ասել է նա՝ հավելելով, թե ինքը «բոլոր կուսակցություններում ընկերներ ունի»:
Օհանավանի համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցվել է մասնակցության բավական բարձր ցուցանիշ՝ քվեարկել է 1809 ընտրողների շուրջ 80 տոկոսը՝ 1455 մարդ: Գյուղապետի երրորդ թեկնածուն՝ անկուսակցական Ամասիկ Միսակյանը ստացել է ձայների մոտ 16 տոկոսը:









































