Հնդկաստանը մտադիր է մշակել նավթավերամշակող գործարաններին պետական երաշխիքների տրամադրման մեխանիզմ: Այդ ընկերությունները նավթ են ներկրում Իրանից, որի էներգետիկ ոլորտը գտնվում է միջազգային պատժամիջոցների ազդեցության տակ: Այս մասին հայտնում է Press TV-ն:
Նման երաշխիքների տրամադրման հնարավորությունը որոշել է քննարկել Հնդկաստանի ֆինանսների նախարարությունը՝ հայտնել է գերատեսչության աղբյուրը:
Նախկինում նավթավերամշակման գործարանները չեն կարողացել Իրանից նավթ ներկրել, քանի որ միջազգային ապահովագրական ընկերութունները միջազգային պատժամիջոցների պատճառով չեն սպասարկել գործարքները Թեհրանի հետ:
Իրանը նախկինում առաջարկել է իր պետական երաշխիքները տրամադրել Հնդկաստան նավթ տեղափոխող հածանավերին:







































