Իդ Ալ-Ֆիտր (Ռամազան) տոնի հետ կապված Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին համաներում է հայտարարել: Ստորագրվել է համապատասխան հրաման՝ հայտնում է ISNA գործակալությունը:
Իրանի դատական համակարգի ղեկավար Սադիգ Ամոլի Լարիջանին տոնի առթիվ նամակով դիմել է գերագույն առաջնորդին, որում խնդրել է համաներում հայտարարել մի շարք քաղաքական, զինվորական և քաղաքացիական հանցագործությունների համար:
Համաներան մասին որոշումը վերաբերում է նաև այն անձանց, ովքեր ցմահ ազատազրկման են դատապարտվել և առնվազն 15 տարի կրել պատիժը:
Համաներման որոշման համաձայն՝ այն անձինք, ովքեր ազատազրկվել են մեկ տարի ժամկետով, ազատ կարձակվեն: 1-5 տարի ժամկետով ազատազրկվածների պատժաժամկետը կրկնակի կկրճատվի:
5-15 տարով ազատազրկվածների համար ներվել է պատժի 1/3 մասը:
Անզգուշաբար հանցանք գործածները, կին բանտարկյալները, որոնք իրենց խնամքի տակ ունեն մանկահասակ երեխաներ, անբուժելի և ինֆեկցիոն հիվանդություններով բանտարկյալները, 18 տարեկանը չլրացած անձինք, 65-ն անց տղամարդիկ և 50-ն անց կանայք ազատ կարձակվեն, իսկ ում նկատմամբ դրամական տուգանքներ են սահմանվել՝ կներվեն:
Ազատ կարձակվեն նաև նրանք, ովքեր պատժվել են հարկերի վճարումից խուսափելու մեջ:
Համաներումը չի տարածվում զինված հարձակում, թմրանյութերի ու զենքի մաքսանենգություն, հայրենիքի դավաճանություն, ազգային անվտանգությանը սպառացող հանցանք, մարդկանց առևանգում, բռնաբարություն, խոշոր չափի խարդախություն, փողերի ու արժեթղթերի կեղծում կատարած անձանց վրա:
Տոնի առթիվ Իրանում համաներում է հայտարարվում ամեն տարի:









































