Իտալիայի և Ալբանիայի իրավապահ մարմինների համատեղ գործողությունների արդյունքում Ալբանիայում հայտնաբերվել են մարիխուանայի 304 ցանքատարածություններ, որոնց բերքը հումք է հանդիսանում ԵՄ երկրներ ներկրվող թմրանյութերի համար: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Իտալիայի գլխավոր դատախազությանը:
Իտալիայի ֆինանսական գվարդիայի հատուկ սարքավորումներ ունեցող ինքնաթիռները հարևան պետության տարածքի 12 տոկոսի, այսպես ասած, օդային «ֆոտոսեսիա են» իրականացրել: Խոսքը դժվարամատչելի լեռնային շրջանների մասին է:
Միայն Հունաստանին սահմանակից Լազվրատ գյուղում հայտնաբերվել են այնպիսի թմրանյութերի հումքի մարգեր, որոնց հաբերի շուկայական արժեքը գերազանցում է 4.5 մլրդ եվրոն: Այդ գումարը կազմում է Ալբանիայի ՀՆԱ-ի տարեկան ծավալի գրեթե կեսը: Գոտիներից մեկում, որտեղ 319 հեկտար տարածությամբ կանեփ է ցանված եղել, բերքը կկազմեր 900 տոննա: Եվրոպական «սև» շուկայում այն կիրացվեր 1 գրամի դիմաց 5 եվրո արժեքով:
108 ցանքատարածություններ արդեն ոչնչացվել են, 23 մարդ ձերբակալվել է:









































