ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Կուսակցությունների մասին» նոր օրենքի նախագծը, որով առաջարկվում է, որ գրանցման պահին կուսակցությունը պետք է ունենա 1000 անդամ, մինչդեռ գործող օրենքով նախատեսված էր, որ կուսակցությունը գրանցման պահին պետք է ունենար 200 անդամ, այնուհետև վեց ամսվա ընթացքում իրենց կուսակիցների թիվը պետք է հասցնեին շուրջ 2000-ի, և յուրաքանչյուր մարզում պետք է ունենային 100 անդամ:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ կուսակցությունների մասին օրենքը ընտրություններից 4-5 ամիս առաջ փոփոխությունների ենթարկելն անիմաստ է:
Նրա կարծիքով՝ ՀՀԿ-ի վարկանիշը բավականին ցածր է, կարծես ահաբեկված է և փորձում է դրա դեմն առնել արհեստական պայմաններ դնելով:
Ա. Սարգսյանի դիտարկմամբ՝ այս օրենքի փոփոխությունները հնարավորություն չեն տա, որ դաշինքները գրանցվեն, քանի որ դաշինքի անդամ կուսակցություններից ոչ բոլորը կունենան 1000 անդամ: «Իշխանությունը փորձում է այնպես վերաձևավորել այս դաշտը, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը միավորման հնարավորությունից զրկվեն»,- նշեց Ա. Սարգսյանը:







































