Պարոն Խզմալյան, հայտնի դարձավ, որ Հայաստանը և Ռուսաստանը միացյալ զորախումբ են ստեղծում, և կան տեղեկություններ, որ նման մտահղացում եղել է 15 տարի առաջ, բայց, չգիտես ինչու, այսօր է իրագործվում: Ի՞նչ միտում եք տեսնում այստեղ, կա՞ արդյոք այդ զորախմբի անհրաժեշտությունը մեր տարածաշրջանում:
-Իրադարձությունները այս օրերին փոխվում են այնքան սրընթաց, որ հարցերի պատասխանները և իրադարձությունների բացատրությունը նույնպես փոխվում է: Այն, ինչ վերաբերում է բանակին, բնականաբար ռազմաքաղաքական հարց է, ուստի պետք է այդ հարցի մեկնաբանությունը, վերլուծությունը դիտել աշխարհաքաղաքական համատեքստում: Այդ համատեքստը, մեղմ ասած, փոխվել է: Մի քանի օր առաջ Միացյալ Նահանգներում կատարվել է հեղափոխություն. դա չափազանցություն չէ, որովհետև փոխվել է այդ երկրի գաղափարախոսությունը, բնականաբար ներքին և արտաքին քաղաքականության փիլիսոփայությունը, ուստի այն, ինչ կարելի էր ասել մեր տարածաշրջանի հատկապես կարևոր իրադարձությունների և զարգացումների մասին մեկ-երկու շաբաթ առաջ, հիմա փոխվում է, պահանջվում է այլ վերլուծություն, և բոլորովին այլ բացատրություններ և հետևանքներ է ունենալու: Դա այդքան էլ ամպագորգոռ չի հնչում: Աշխարհն այնպես է կառուցված, որ ամեն ինչ շաղկապված է:
Դեռևս մեկ տարի առաջ, մեկ ամիս առաջ մենք այս զարգացումները դիտում էինք որպես մեծագույն վտանգ մեր ինքնուրույնությանը, ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը, և դա այդպես էլ կա, այո՛, Ռուսաստանը նկրտումներ ունի՝ տիրանալ Հայաստանին՝ և՛ տնտեսական, և՛ քաղաքական առումով, և հիմա ամենակարևորը մեզ համար բանակի հարցն է, որը, ըստ երևույթին, միակ կայացած և միակ դեռևս գոյություն ունեցող պետականության ինստիտուտն է Հայաստանում: Մենք շատ լավ հասկանում ենք, որ այս վերջին տարիներին և հատկապես վերջին ամիսներին, միաժամանակ իրականացնելով երկու նախագիծ՝ մի կողմից Ադրբեջանին առաջարկելով «օգնել» տիրանալու Արցախի արևելյան շրջաններին, ինչպես Լավրովը բարձրաձայնում էր Պուտինի և Ալիևի նախագիծը, ինչը փորձեցին կատարել ապրիլին, չստացվեց, և հիմա էլ են շարունակում դա, մյուս կողմից՝ ռուսական բանակը կամ դրա ստորաբաժանումները համաձուլվում են հայկական բանակին. ի՞նչ է սա նշանակում, այսինքն՝ հիմա ռուս գեներալներն են ղեկավարելու հայոց բանակի՝ իրենց համար չստացված նահանջը: Փաստորեն դա է ստացվում: Դեռևս մի քանի օր առաջ տրամաբանությունն այդպիսին էր, և դա ողբերգական է: Փաստորեն մենք կորցնում էինք մեր վերջին պաշտպանական գիծը: Ես չէի ասի, որ դա կտրուկ փոխվել է, բայց որոշակի բաներ փոխվել են: Հիմա այդ նախագիծը բախվել է իր իսկ տրամաբանության հետ և ծուղակն է ընկել: Հիմա Պուտինն ամեն ինչ անում է, որպեսզի սիրաշահի ԱՄՆ նոր նախագահին, նոր վարչակազմին, և մեզ համար դա շատ վտանգավոր է այն առումով, որ Հանրապետական կուսակցությունը և Թրամփը առնվազն մեկ-երկու տարի գնալու են մեկուսացման ճանապարհով՝ Պուտինին թույլ տալով անել այն, ինչ ցանկանա, դա մեծ վտանգ է, ողբերգական սպառնալիք է մեզ համար: Սակայն մյուս կողմից սկսել է անսպասելիորեն աշխատել մի ուրիշ տրամաբանություն, այն, որ Սերժ Սարգսյանը այդքան զգուշավոր, փորձում էր խուսանավել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, հիմա դա բավական անսպասելիորեն կարող է շահավետ լինել Հայաստանի համար: Եթե առաջ Հայաստանին ստիպել են մտնել ԵՏՄ և ներքաշել են ընդհանուր խաղի մեջ, Պուտինի համար դա պաշտպանական քաղաքականություն էր, հիմա առաջնահերթությունները փոխվել են:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:







































