ԱՄՀ-ի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի նկատմամբ հարուցված կավատության վերաբերյալ քրեական գործը վարող քննիչները ենթադրում են, որ մեղադրյալը մարմնավաճառների հետ երեկույթների ընթացքում կենտրոնական դեմք է եղել: Որոշ մանրամասներ է հրապարակել Le Figaro թերթը:
Քննչական նյութերում նշվում է, որ Ստրոս-Կանը եղել է «երեկույթների արքա»: Դրանք կազմակերպվել են, երբ նա եղել է այս կամ այն քաղաքում:
Մասնակիցներն այդ երեկույթները նկարագրում են որպես «սպանդանոց՝ հատակին մի կույտ ներքնակներով» և որպես «սեքսի սպառում»: Քննիչները ենթադրում են, որ դա եղել է «ծառայությունների պատվեր»:
Ըստ հետաքննության՝ Ստրոս-Կանն ուղղակի չէր կարող չիմանալ, որ երեկույթներին մասնակցող կանայք մարմնավաճառներ են: Այսպես, երեկույթների ժամանակ կանանց թիվը միշտ գերազանցել է տղամարդկանց թվին:
Հավանական է, որ դատական նիստը տեղի կունենա 2014 թ.։




































