Թուրքական Milliyet թերթի թղթակից Օնայ Յըլմազը Ստամբուլում այցելել է Հայոց պատրիարքարանի թանգարան և հանդիպում ունեցել Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանի հետ:
Հանդիպման ժամանակ Անուշյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հիմնախնդրին և, ըստ թուրքական թերթի, նշել. «Անհրաժեշտ է այդ հարցը խաղաղությամբ մեր մեջ լուծել՝ առանց արտաքին միջամտության: Ամեն տարի այդ հարցը հայտնվում է ԱՄՆ-ի օրակարգում: Երկու կողմն էլ այս հարցին պետք է մոտենան ինքնաքննադատաբար և ընդունեն իրենց սխալները»:
Պահանջատիրության հետ կապված՝ Անուշյանը նշել է. «Դա ռեալ չէ: Տարածքային փոխհատուցումն անհնար է: Որոշ մարդկանց համար բավական է զուտ Ցեղասպանության ճանաչումը: Հրեաների ցեղասպանության մասին Գերմանիայում ասում են՝ դա մենք չենք արել, դա մեր երկրի պատմության սխալն է:
Թուրքերի նախաձեռնած «Մենք բոլորս հայ ենք» կարգախոսն անգամ սխալ հասկացվեց: Մենք ներգաղթյալներ չենք, այս երկրի մի մասնիկն ենք: Մենք ունենք թե՛ հայկական, թե՛ թուրքական ինքնություն: Երկու ինքնություններն էլ կարևոր են մեզ համար, և պատմական դեպքերը լուծելուն ուղղված ցանկացած քայլ ճիշտ է: Պետք է գտնել պատմության ընթացքում մեր վերապրած այս ցավը բուժելու բանաձևը»:
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին էլ թուրքական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, թե Անուշյանը Հաթայ նահանգի (Ալեքսանդրետի սանջակ) եկեղեցում աղոթել է Թուրքիայի միասնության ու ամբողջականության համար:











































