«1000 դրամների» նախաձեռնության կարևոր և կենսական գաղափարով, սակայն դրա շատ վատ և ոչ ադեկվատ ներդրման քայլով իշխանությունը սրեց հանրության հետ իր կոնֆլիկտը, և ակնհայտ է, որ այժմ արդեն իշխանությանը առաջ է մղում որքան իր նախաձեռնության իրական մոտիվը, այդքան էլ պարզապես «թասիբը»` հասարակությանը տեղի չտալու մղումը: Սակայն, իշխանություն-հասարակություն կոնֆլիկտը իշխանության նախաձեռնության հետևանքն է, իսկ ահա բուն պատճառը բոլորովին այլ կոնֆլիկտ է` ներիշխանականը:
Այդ կոնֆլիկտը կա վաղուց, և սրա հիմքում իհարկե ռեսուրսների սպառման արագ գործընթացն է, որ պայմանավորված է առաջին հերթին Ռուսաստանի տնտեսության ծանր վիճակով: Հույսը, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է բերել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման, ԱՄՆ պատժամիջոցների վերացման, նավթի գնի աճի, կարծեք թե այնքան էլ չեն արդարանում: Թրամփը իհարկե ընտրվեց, սակայն ինչպես երևում է, նա այնքան էլ նվեր չէ Ռուսաստանին, որքան թվում է:
Համենայնդեպս, նրա արտաքին քաղաքական թիմի մի շարք ներկայացուցիչների հետընտրական հայտարարությունները գրեթե տրամագծորեն հակառակ են այն սպասումներին, որ ունեին ռուսները և նրանցից կախված Հայաստանի իշխանությունը: Թրամփի թիմն արդեն տագնապալի ազդակներ է փոխանցում, որոնք համենայնդեպս վկայում են, որ Ռուսաստանն այնքան էլ չի կարող հուսալ պատժամիջոցների չեղարկման հեռանկար կամ ընդհանրապես ամերիկյան կողմի հետ հարաբերությունների այնպիսի կարգավորում, որ վերականգնեն Ռուսաստանի «նավթագազային դրախտը»: Դա էլ իր հերթին նշանակում է, Հայաստանի իշխանության համար, որ չկան նաև Հայաստանի համակարգի համար ռուսական հովանավորության «դրախտի» վերականգնման հեռանկարներ, որի միջոցով հնարավոր կլիներ հաղթահարել կամ թուլացնել ներիշխանական ռեսուրսային ճգնաժամը: Այդ ճգնաժամը շարունակվելու է, առնվազն մինչև 2018 թվականը, երբ Սերժ Սարգսյանը կանգնելու է նախագահական պաշտոնը թողնելու և հետագա ճակատագրի հարցը որոշելու ճամփաբաժանի առաջ: Իսկ եթե ներիշխանական կոնֆլիկտը սուր է, պահպանվում է և իհարկե՝ խորանում, ապա Սերժ Սարգսյանի համար այդ ընտրությունը կամ որոշումը դառնում է շատ բարդ:
Իհարկե նրան, ինչպես ասում են, չկա վարժվելու անհրաժեշտություն, քանի որ նա ըստ էության այդ կոնֆլիկտի պայմաններում կարողանում է իր իշխանությունը պահել և առաջ տանել արդեն մոտ տասը տարի, քանի որ ներիշխանական ճգնաժամն ու բաժանարար գծերը, ներքին դիմակայությունը ուղեկցել են նրա նախագահության ամբողջ ընթացքում, հենց սկզբից: Խնդիրը նրա համար սակայն այն է, որ այդ վիճակը չունի միջին, ստատիկ տարբերակ: Եթե այն չի բարելավվում, ուրեմն խորանալու է, եթե չի հանգուցալուծվում, ուրեմն ավելի սրվելու է:
Եվ քանի որ արդեն բավական նշմարելի է, որ ներիշխանական հակադրությունն ու կոնֆլիկտը մոտ ապագայում չունի հանգուցալուծում, քանի որ Ռուսաստանի հեռանկարները, մեղմ ասած, բավականաչափ մեծ չեն առավել ևս Հայաստանի վրա էֆեկտ թողնելու համար, Սերժ Սարգսյանի համար պարզ է, որ այդ կոնֆլիկտը ավելի խորանալու է: Իսկ դա նշանակում է ավելի մեծ դիմակայություն և ավելի բարդ իրավիճակ: Առավել ևս, երբ կա մի սահման, որից անցնելու դեպքում իրավիճակը արդեն կարող է լինել պարզապես կրիտիկական: Դա այն է, երբ այդ կոնֆլիկտը, ներիշխանական հակադրությունը տարածվի բանակի վրա և սկսի արտահայտվել այնտեղ:
Եթե ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ բանակի վրա արտահայտվել է անարդյունավետ կառավարումը, ապա երբ ներիշխանական կոնֆլիկտը սկսի արտահայտվել բանակի վրա կամ բանակում, ապա դրա հետևանքները արդեն կարող են թե´ պետության և թե´ իշխանության համար լինել շատ ավելի ծանր: Հրապարակ բերելով 1000 դրամների ակնհայտորեն ոչ պոպուլյար և ակնհայտորեն հասարակական ոչ միարժեք ընկալում առաջացնելիք նախագիծը, Սերժ Սարգսյանը ըստ էության փորձում է գնալ իր համար «չարյաց փոքրագույնի» տարբերակով, ճանապարհով և հակադրության մեջ մտնել հասարակության հետ, բայց թույլ չտալ, որ իշխանության ներսում առկա ռեսուրսային սղությամբ պայմանավորված ներիշխանական տարիներ շարունակվող և խորացող կոնֆլիկտը անցնի կրիտիկական սահմանը` հասնի բանակ, զինված ուժեր:
Այդ խնդիրը հաղթահարելն ու իր իշխանությունը կոնֆլիկտի այդ մակարդակից պաշտպանելը նրա համար կարող է լինել այլևս շատ դժվար, իսկ գուցե նաև անհնար: Սերժ Սարգսյանը փորձում է համալրել ոլորտը լրացուցիչ ռեսուրսներով, ներիշխանական ռեսուրսային ճգնաժամի մուտքը բանակ արգելափակելու և սեփական քաղաքական հեռանկարները պաշտպանելու համար:










































