ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ մամուլում տարածված տեղեկություններ կան այն մասին, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հնարավոր է ընտրվի ՀՀԿ փոխնախագահ՝ իր փոխարեն, նշեց. «Իմ իմանալով մամուլը չի նշանակում, հանում կամ դնում»։
Վերջինս ընդգծեց, որ ԳՄ նիստի ժամանակ ՀՀԿ փոխնախագահին փոխելու հարցը չի քննարկվել և ավելացրեց, որ դեռևս կուսակցությունը Կարեն Կարապետյանի կողմից չի ստացել հայտ՝ ՀՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ։
Հարցին՝ կարծում եք ավելի երիտասարդնե՞րը պիտի գան փոխարինելու, Ռ. Զոհրաբյանը պատասխանեց. «Տարիքը կապ չունի, խելք է պետք»:
Դիտարկմանը, թե արդյոք ինքը կընդգրկվի նաև հաջորդ խորհրդարանի կազմում՝ Ռազմիկ Զոհրաբյանը նշեց. «Եթե կուսակցությունն անհրաժեշտություն գտնի, որ ես պետք է լինեմ կազմում՝ կլինեմ, եթե չլինեմ, դրանից չեմ նեղվի»։








































