«Այն, որ մեր բանակը մե՛նք պետք է կերակրենք, կասկածի տակ չենք դնում, դրա համար վճարում ենք հարկեր ու անում ենք»,- ԱԺ-ում այսօր «Զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, ասաց պատգամավոր Թևան Պողոսյանը:
Օրինագծի համաձայն առաջարկվում է բնակչությանը՝ անկախ աշխատավարձի չափից ամսական 1000 դրամի մասնաբաժին հատկացնել բանակին, բացառությամբ՝ նվազագույն աշխատավարձ ստացողներին:
Պատգամավոր Թ. Պողոսյանը նաև հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հանրային լայն քննարկում չի անցկացվել: Ի պատասխան՝ Վիգեն Սարգսյանն ասաց, որ ամենևին պարտադիր չէ, որ լայն քննարկումը տևի տարիներով, և հավելեց, որ նախագիծը քննարկվում է հիմա, քննարկվել է սոցցանցերում և քննարկվելու է նաև Ազգային ժողովում:








































