15 տարի առաջ՝ օգոստոսի 6-ին, Երևանում սպանվեց գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը, իսկ հետո, պաշտոնական տեղեկատվության համաձայն, ինքնասպան եղավ նրան սպանողը՝ տրանսպորտի նախկին դատախազ Արամ Կարապետյանը: Այդ սպանությամբ, ըստ էության, սկիզբ դրվեց Հայաստանում աղմկոտ սպանությունների նոր ալիքի, որ ծավալվեց 1998 թվականի իշխանափոխությունից կամ ներիշխանական հեղաշրջում որակված երևույթից հետո: Աղմկոտ սպանությունների առաջին ալիքն անցավ անկախության առաջին տարիներին:
Հետո մի որոշ ժամանակ այն հանդարտվեց, իսկ 1998 թվականին իշխանության ներսում տեղի ունեցած գործընթացները հենց սկզբից ուղեկցվելով իրական կամ բեմադրված մահափորձերով՝ Հենրիկ Խաչատրյանի սպանությունից հետո վերաճեցին նոր սպանությունների, որոնց «գագաթնակետը» դարձավ Հոկտեմբերի 27-ը:
Սպանությունների երկրորդ ալիքի պատճառը հավանաբար այն էր, որ առաջին ալիքի սպանություններն այդպես էլ չէին բացահայտվել: Մինչև այսօր չի բացահայտվել նաև երկրորդ ալիքի ոչ մի սպանություն: Չի բացահայտվել այն իմաստով, որ չկան կազմակերպիչները: Մինչդեռ ակնհայտ է, որ աղմկոտ սպանությունների պարագայում զուտ մարդասպանները ընդամենը դիմակ են, որի հետևում կանգնած են շատ ավելի լուրջ ուժեր, շահեր, խնդիրներ:
Բացի այն բանից, որ այս ամենը խեղել են մարդկային ճակատագրեր, խլել կյանքեր, և բացի պատմության որոշակի դրվագների ժամանակային, իրավիճակային կարևորությունից, ունի նաև մեկ այլ՝ շատ ավելի մեծ նշանակություն: Այդքան չբացահայտված աղմկոտ սպանություններ՝ ընդամենը երկու տասնամյակի ընթացքում, մի քիչ երևի թե շատ-շատ է որևէ պետության համար: Այս ամենը իրականում պետության մարտունակության, մրցունակության, խոցելիության, անվտանգության աստիճանի ցուցիչն է: Եթե որևէ պետության մեջ տեղի են ունենում նման քանակի չբացահայտված աղմկոտ սպանություններ, ապա այստեղ, ըստ էության, ով էլ լինի իրական կազմակերպիչը, պատվիրատուն, միևնույն է՝ իրավիճակը վկայում է ընդհանուր առմամբ հասարակական-պետական անկենսունակության մասին:
Եթե այդ ամենն արել են իշխանությունները, ապա կնշանակի, որ անկենսունակ է հասարակությունը, և եթե նա ինքն իրեն չի կարողանում պաշտպանել իր իշխանություններից, ապա ինչպես է պաշտպանելու արտաքին ուժերից: Եթե այդ ամենն արել են արտաքին ուժերը, ապա իշխանություններն են անկենսունակ և երկիրը՝ անպաշտպան, ու եթե հասարակությունն այս դեպքում էլ չի կարողացել որևէ բան պարտադրել, ուրեմն ինքն էլ նույն կերպ անպաշտպան ու անկենսունակ է թողնում պետությունը:
Այս ամենի շուրջ Հայաստանում հասարակական ակտիվություն, ուշադրություն և քննարկումներ լինում են ժամանակ առ ժամանակ, առիթից առիթից՝ ըստ քաղաքական իրավիճակի և զարգացումների: Մինչդեռ վիճակագրությունն այնպիսին է, որ մշտական մտահոգությունների տեղիք է տալիս: ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը մի առիթով կամա, թե ակամա անկեղծացել էր, թե՝ Հոկտեմբերի 27-ի նման հանցագործությունները բացահայտելու համար պետք է անկախ կամ ուժեղ պետություն լինել: Բառերն, ըստ էության, այնքան էլ կարևոր չեն, քանի որ ենթատեքստը միանգամայն հասկանալի է, թեև առանց այդ արտահայտությունների էլ պարզ է, որ եթե կան նման չբացահայտված սպանություններ, ուրեմն սպառնալիքները ուժեղ են պետությունից:
Խնդիրը միայն այն է, որ Հայաստանին ուժեղ պետություն դառնալ խանգարում են Գալուստ Սահակյանն ու նրա, այսպես ասած, կուսակիցները, որոնք 1995 թվականից կամաց-կամաց սողոսկելով իշխանության շարքեր՝ իշխանությունը դարձրին սկզբունք՝ պետությունը ստորադասելով այս ամենին, պետությունը վերածելով երթուղային գծերի և անձնական զանազան այլ բիզնեսների: Արդյունքում բնական է, որ սպառնալիքները պետք է պետությունից ավելի ուժեղ գտնվեին: Եվ այս իմաստով Հայաստանում տեղի ունեցած աղմկոտ սպանությունները մի մարտահրավեր են, մի կռիվ, մի ձեռնոց, որ մշտապես նետված են Հայաստանին, և այդ կռիվն ըստ էության անտեսանելիորեն շարունակվում է Հայաստանի պարտությամբ, քանի դեռ չի բացահայտվել գեթ մեկ աղմկոտ սպանության իրական կազմակերպիչ:
Վերջիվերջո բոլորի համար պետք է հստակ և միանշանակ լինի, որ դա կլինի և՛ պետության ամրության ցուցիչներից, և՛ հետագայում նման զարգացումների կանխարգելիչ:









































