«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը։
– Պարոն Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում Կարեն Կարապետյանի այցն Արցախ: Ի՞նչ նոր համագործակցության ծրագրեր են հնարավոր, որ հնարավոր չէր Հովիկ Աբրահամյանի կառավարության հետ։
– Միանշանակ կարող եմ արձանագրել, որ շատ արդյունավետ հանդիպումներ և քննարկումներ ենք ունեցել Կարեն Կարապետյանի և իր գլխավորած պատվիրակության հետ: Խոսել ենք հիմնականում անելիքների մասին, որոնք այս փուլում անհրաժեշտ են երկու կառավարությունների միջև փոխգործակցության և հայրենիքի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին նոր թափ հաղորդելուն: Տնտեսության զարգացման գործում Կարեն Կարապետյանի ունեցած մոտեցումները ոգևորիչ են մեզ համար, և իմ համոզմամբ, դրանք նոր էջ են բացելու ոչ միայն Հայաստանի, այլև՝ Արցախի ունեցած ներուժի իրացման ճանապարհին: Ինչ վերաբերում է նախորդ կառավարության հետ մեր համագործակցությանը, պետք է ասել, որ ի պատիվ Հովիկ Աբրահամյանի՝ մեր փոխգործակցությունը եղել է բարձր մակարդակի վրա, և այս առումով մենք երբևէ խնդիրներ չենք ունեցել:
– Հայաստանում նոր կառավարությունը գնում է խիստ խնայողության ռեժիմի, նման քայլեր կլինե՞ն ԼՂ–ում:
– Ընդհանրապես, նախորդ տարիներին պետական բյուջեն կազմելու ժամանակ մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել միջոցների խնայողաբար ծախսելուն, որի ուղղությամբ բազմիցս հանդես ենք եկել համապատասխան քայլերով ու հայտարարություններով: Սակայն խնայողությունների խիստ ռեժիմին մենք անցել ենք այս տարվա ապրիլյան ռազմագործողություններից անմիջապես հետո: Խորհրդարանի կողմից հոկտեմբեր ամսին արդեն վերանայվել են 2016թ․ պետական բյուջեի ծախսերը, իսկ նոր բյուջետային տարին կազմվելու է նույն տրամաբանությամբ:
– Կառավարության արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանում կառավարությունը խնդիր է դրել պայքարել կոռուպցիայի, մենաշնորհների դեմ: Ղարաբաղում նման քայլեր նախատեսվո՞ւմ են արդյոք:
– Արցախում 2007-ից սկսած, երբ ներկա իշխանությունները ստանձնեցին ղեկը, շոշափելի աշխատանքներ են կատարվել կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ, որոնք ակնհայտորեն արդյունավետ են եղել բոլոր ոլորտներում: Մենաշնորհների ձևավորումը կանխելու ուղղությամբ ևս համապատասխան գործիքակազմ ենք կիրառել՝ խթանելով մրցակցությունը բոլոր հնարավոր բնագավառներում: Ամեն դեպքում, պետք է նաև հաշվի առնել Արցախի տնտեսության փոքրությունը և հակամարտության առկայությունը, որոնք օբյեկտիվորեն սահմանափակություններ են ստեղծում մեծածավալ ներդրումների ներգրավման և տնտեսության մեջ բացարձակ մրցակցության ապահովման հարցում: Օրինակ՝ կապի ոլորտում մեկ ձեռնարկության առկայությունը բացատրվում է այն հանգամանքով, որ այլ ներդրողներ պատրաստ չեն այդպիսի փոքր շուկայում եղած պայմաններով անհրաժեշտ չափի ներդրում կատարել: Այնուամենայնիվ, համոզված եմ, որ ՀՀ կառավարության նոր մոտեցումներն ու հաջողությունները մեզ համար ևս օգտակար կլինեն՝ խթանելով նոր և ավելի արդյունավետ բարեփոխումների իրականացումը նաև Արցախում:
– Կառավարության ծրագրի պաշտպանական հիմքում դրվել է ազգ–բանակի գաղափարը և հասանելի ռեսուրսներով առավելագույն արդյունք ռազմավարական սկզբունքը: Արդյոք նման մոտեցում կորդեգրե՞ք նաև դուք:
– Ազգ-բանակի գաղափարը մեզանում արմատացած է դեռևս 90-ականներից՝ Ղարաբաղյան պատերազմի ժամանակվանից: Անցած տարիներին այս ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել, որի արդյունքում մենք համոզված կարող ենք ասել, որ Արցախի բանակը մեր ողջ բնակչությունն է: Դրանում մենք մեկ անգամ ևս համոզվեցինք ապրիլյան պատերազմի օրերին: Ամեն դեպքում, նպատակ ունենալով Պաշտպանության բանակի պաշտպանական կարողություններն անընդհատ հզորացնելու և զարգացնելու, ինչպես նաև առկա միտումներին համընթաց սպառազինության արդիականացումն ապահովելու՝ կարծում եմ, որ բանակ-հասարակություն-ազգ հարաբերություններին նոր որակ հաղորդելու խնդիր կա: Այս տեսանկյունից, ուրախալի է տեսնել, որ այդ գաղափարն ամրանում և համահայկական բնույթ է ստանում:








































