Հոլանդացի գիտնական Մարկ Պոստը ներկայացրել է աշխարհում առաջին համբուրգերը, որը պատրաստված է ցողունային բջիջներից աճեցված մսից: Փորձագետները նշել են, որ այն հիանալի համ ունի, սակայն միսը հյութեղությամբ փոքր-ինչ զիջում է տավարի իսկական մսին:
Մաաստրիհտի համալսարանի գիտնականը նորույթը ներկայացրել է Լոնդոնում: Այն համտեսել են խոհարարական ոլորտի փորձագետներ Ջոշ Շոնվալդն ու Հաննի Ռուետցլերը:
Գիտնականների թիմից 3 ամիս է պահանջվել՝ մոտ 20 հազար առանձին մկանային մանրաթելեր ստեղծելու համար: Այնուհետև դրանք սեղմվել են: 140 գրամ քաշով համբուրգերի պատրաստման նախագծի արժեքը կազմել է 250 հազար եվրո:
Պոստը The Guardian-ին տված հարցազրույցում նշել է, որ կովերը բավականին անարդյունավետ են, քանի որ անհրաժեշտ է նրանց կերակրել 100 գրամ բուսական սպիտակուցով 15 գրամ կենդանական սպիտակուց ստանալու համար:
Գիտնականը հույս ունի, որ նորարարությունը կօգնի պարենամթերքի ճգնաժամի լուծմանը: Ըստ կանխատեսումների՝ ցողունային բջիջներից աճեցված միսը կարող է սուպերմարկետներում հայտնվել արդեն 10-20 տարի անց: Նոր տեխնոլոգիայով արտադրվող միսը կնվազեցնի նաև էներգետիկ ծախսերը:
Նշենք, որ նախագծում 250 հազար եվրոյի ներդրում է կատարել Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը:











































