Ավստրալիայի նախկին պաշտպանության նախարար, պատգամավոր Ժոել Ֆիցգիբոնըերկրի կառավարությանը հորդորել է դադարեցնել «բառախաղը» Հայոց ցեղասպանության հարցում: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:
Շնորհավորելով Հայաստանին անկախության 25-րդ տարվա կապակցությամբ` Ֆիցգիբոնը Ներկայացուցիչների պալատում հայտարարել է. «Ես եկել եմ այն եզրահանգման, որ մեր համայնքը չափազանց շատ ժամանակ է վատնում բառախաղերի վրա` քննարկելով, թե 1915 թվականին հայ ժողովրդի տառապանքը, արդյոք, ցեղասպանությո՞ւն էր, թե ոչ: Փոխարենը, մենք պետք է ավելի շատ ժամանակ ծախսենք` ճանաչելու փաստը, որ 1915-1923 թվականների ընթացքում հարյուր հազարավոր հայեր սպանվել են իրենց էթնիկ պատկանելության պատճառով»:
Նա նշել է, որ Ցեղասպանությունն ու խորհրդային իշխանության 70 տարին գուցե բավարար լինեին ցանկացած ժողովրդի մշակութային ոգին կոտրելու համար, սակայն հայերը տոկուն են․դիմացկուն, խելացի և նախաձեռնող:








































