Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չեն աջակցել վետոյի իրավունքի կիրառման ընթացակարգում փոփոխությունների սահմանմանը։ Վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կիրառվում է այս կամ այն որոշումների ընդունումն արգելափակելու համար։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Այդ իրավունքի սահմանափակման նախաձեռնությամբ հանդես էին եկել Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, սակայն Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չեն աջակցել առաջարկին։
«Մեզ համար անընդունելի են ցանկացած գաղափարներ, որոնք կտանեն ԱԽ ներկայիս մշտական անդամների իրավասությունների խախտման…Վետոյի իրավունքի սահմանափակումը սխալ կլինի պատմական և քաղաքական տեսանկյունից»,-հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովը։
Վաշինգտոնը նույնպես դեմ է հանդես եկել վետոյի իրավունքի ցանկացած փոփոխության։ Միևնույն ժամանակ չինացի դիվանագետ Լյու Ցզեյը կոչ է արել չպարտադրել ՄԱԿ ԱԽ բարեփոխման մասին «խակ առաջարկներ»։






































