Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի դատարանը հրապարակել է 20 մարդու գործով դատավճիռը, որոնց ձերբակալել են ընթացիկ տարվա հունվարին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա կատարված հարձակմանը մասնակցելու համար։
Ձերբակալվածների փաստաբան Մոսթաֆա Շաբանին հայտարարել է, որ ամբաստանյալները ստացել են տարբեր պատժաժամկետներ՝ 6 ամսից մինչև 3 տարվա ազատազրկում։ Դատարանը սակայն արդարացրել է հարձակման մի շարք մասնակիցների։
Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, ինչ հունվարի 2-ին Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ը հայտարարեց 47 մարդու՝ ներառյալ շիա հայտնի քարոզիչ Նիմր ան-Նիմրին մահապատժի ենթարկելու մասին։
Դա Իրանում հանգեցրեց բողոքի զանգվածային ակցիաների և Թեհրանում ու Մեշհեդում Սաուդյան Արաբիայի ներկայացուցչությունների վրա հարձակումների։
Այդ դեպքերից հետո Իրանում ձերբակալվեց մոտ 100 մարդ, իսկ Սաուդյան Արաբիան խզեց Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները։







































