Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցությունը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի Սպիտակ տան հաջորդ ղեկավարը դառնա Հիլարի Քլինթոնը, որը դեմոկրատ Դեյվիդ Փեփերի կարծիքով՝ ամենապատրաստված ու փորձառու թեկնածուներից է՝ որպես Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին, նախկին պետքարտուղար և քաղաքական գործիչ: Դեմոկրատական կուսակցության Օհայո նահանգի կուսակցական կառույցի ղեկավար Փեփերն այս կարծիքը հայտնեց օտարերկրյա լրագրողների հետ կազմակերպված ասուլիսի ժամանակ՝ ավելացնելով, որ Դոնալդ Թրամփը, ի տարբերություն Քլինթոնի, վերջին տասնամյակների ամենաանհամապատասխան ու անհաջող թեկնածուն է:

Քաղաքական գործիչը հույս ունի, որ Դեմոկրատական կուսակցության առաջադրած թեկնածուն կհաղթի նոյեմբերի 8-ին ավարտվող ընտրապայքարում: Նա նաև համաձայն չէ այն մարդկանց հետ, ովքեր ասում են, թե ինչ-որ տեղ «Քլինթոնի բախտը բերել է», որ նրան բաժին է հասել Թրամփի նման անլուրջ մրցակից:
«Կարծում եմ՝ ընդհակառակը, մեր բախտը չի բերել Դոնալդ Թրամփի հարցում, որովհետև նա իր ընտրարշավով սարսափելի մեծ վնաս է հասցրել այս երկրին: Եթե փրայմերիզներից առաջ ինչ-որ մեկն ինձ հարցներ՝ ուրա՞խ ես արդյոք, որ Թրամփն է լինելու Հանրապետական կուսակցության թեկնածուն, ես կպատասխանեի՝ ոչ, որովհետև այն հայտարարությունները, որ նա արել է վերջին վեց ամսվա ընթացքում, պարզապես ահավոր են մեր երկրի համար: Մենք պիտի ներկայացնենք Ամերիկան այնպես, ինչպես նա դրան արժանի է, և Թրամփին ներկայացնելը վատ ազդակ է ոչ միայն աշխարհին, այլև մեր ժողովրդին: Ուստի ես համաձայն չեմ, կարծում եմ՝ մեծ դժբախտություն է, որ Թրամփը դարձել է նախագահի թեկնածու: Եվ ամենասարսափելին ոչ թե այն է, թե ինչ է Թրամփն ասում, այլ այն, որ շատերը համաձայնվում են նրա հետ: Հույս ունեմ, որ նա կպարտվի, և մենք կկարողանանք ասել՝ լավ է, ամերիկացիների մեծ մասը համաձայն չէ նրա հետ»:
Դեմոկրատական կուսակցության նահանգային կառույցի ղեկավարը «Առաջին լրատվական»-ի խնդրանքով անդրադարձավ նաև ԱՄՆ ազգային փոքրամասնություններին՝ ներառյալ հայ համայնքին՝ որպես գործոն նախագահական ընտրություններում: Դեմոկրատ Փեփերը այս հարցում էլ նախապատվությունը տալիս է նախկին պետքարտուղար Քլինթոնին՝ ասելով, որ էթնիկ և այլ խմբերն, իհարկե, շատ կարևոր նշանակություն ունեն ընտրություններում:
«Օհայո նահանգի ամենամեծ հպարտություններից մեկն այն է, որ մենք շատ տարբեր ենք, և մարդիկ տարբեր տեղերից են եկել այստեղ (Օհայո նահանգում ապրում են նաև հայեր.- Ա. Ս.): Սա ավելին է, քան պարզապես Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի մասնակցությունը. այս ընտրություններում որոշվում է հարցը, թե ինչպիսի երկիր ունենք և ինչպիսի երկիր ենք ուզում տեսնել ապագայում: Հիլարի Քլինթոնի կարգախոսն է՝ «միասին ավելի ուժեղ ենք»: Սա նշանակում է, որ մենք ավելի ուժեղ ենք, քանի որ բազմազան ենք, մենք ուժեղ ենք մեր պատմության և ամբողջ աշխարհից այստեղ եկած ներգաղթյալների շնորհիվ: Հարցը հետևյալն է՝ ուզում ենք պառակտե՞լ մարդկանց, թե՞ միավորել: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս ընտրությունները վճռորոշ են: Դեմոկրատական կուսակցության հաջողության գաղտնիքն այն է, որ մենք միավորում ենք զանազան խմբերի մեկ դաշինքի մեջ: Սրա շնորհիվ Բարաք Օբաման դարձավ նախագահ, որովհետև կարողացավ միավորել տարբեր համայնքների, որոնք քվեարկեցին իր օգտին»,- նշեց Փեփերը:
Արամ Սարգսյան
Կոլումբոս, Օհայո, ԱՄՆ








































