Գերմանիան երկար ժամանակ աչք է փակել ահաբեկչական կազմակերպությունների գործունեության վրա։ Այժմ եկել է լրջորեն անհանգստանալու ժամանակը։ Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Գերմանիան վերածվել է մի երկրի, որտեղ ազատ զբոսնում են ահաբեկչական շարժումների կողմնակիցները։ Այս ամենն առաջացնում է Թուրքիայի անհանգստությունը»,-նշել է Էրդողանը։
Խոսելով ահաբեկիչների մասին Էրդողանը նկատի է ունեցել նաև գյուլենակններին։
«Երբ մենք առաջարկում ենք մեզ հանձնել ահաբեկչական կազմակերպության անդամներին, Գերմանիան մեզ ասում է, որ, ըստ մեր համաձայնության, նրանք կարող են մեզ հանձնել ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողներին, բայց ոչ քաղաքական… Մենք միշտ ասում ենք, որ ահաբեկչական կազմակերպությունը կարիճի նման է, ի վերջի կշրջվի և կկծի, ես վախենում եմ Գերմանիայի ճակատագրի համար: Այն վերածվել է ահաբեկիչների ապաստարանի, նախընտրել է պաշտպանել ահաբեկչական կազմակերպության անդամներին»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում մշակութային գործիչների պարգևատրման արարողությանը:
Նրա խոսքով՝ Անկարան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին առաջարկում է 4000 փաստաթուղթ, որոնք ապացուցում են այդ մարկանց կապը Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ:
«Չեմ կարող հասկանալ՝ ինչպես կարող է ԵՄ կարևորագույն երկիրը պաշտպանել ահաբեկիչներին: Եթե Գերմանիայում կասկածում են՝ արդյոք ահաբեկիչ են Գյուլենի համախոհները, թե ոչ, թող այցելեն Անկարա, խորհրդարան, տեսնեն՝ ինչ է մեզ մոտ տեղի ունեցել հուլիսի 15-ին: Նրանք ասում են, որ անհանգստությամբ հետևում են Թուրքիայում Գյուլենի համախոհների ձերբակալություններին: Իսկ մենք ոչ միայն անհանգստությամբ, այլև սարսափով հետևում ենք նրանց հայտարարություններին: Մեր ներքին օրենսդրությունը ոչ մեկի չպետք է անհանգստացնի»,- ասել է Էրդողանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Գերմանիայից քաղաքական ապաստան է խնդրել թուրքական դիվանագիտական անձնագրեր ունեցող 35 մարդ։









































