Օգոստոսի 5-ին, ժամը 4-ն անց 20-ին ոստիկանության Գյումրի քաղաքի պահպանության բաժնի կենտրոնացված պահպանության կետի վահանակին տագնապի ազդանշան է ստացվել. Խաղաղության օղակի 8 հասցեում գործող ոսկերչական սրահից էր:
Ոստիկանական երթուղով ծառայություն իրականացնող խումբը՝ Գյումրու պահպանության բաժնի դասակի հրամանատար, ոստիկանության լեյտենանտ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, արագ տեղ է հասել, այնքա՛ն արագ, որ հանցամիտները նույնիսկ չէին հասցրել մտնել սրահ:
Ոստիկանները վնասազերծել են նրանց ու բերման ենթարկել Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին, որտեղ պարզվել է, որ բերման ենթարկվածները ոստիկաններ են՝ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Քալաշյանը (համակարգում է 2001 թվականից) և նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր Արտակ Բաղդասարյանը (համակարգում է 1998 թվականից):
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Իսկ ոստիկանության ՊՊԳՎ Գյումրու պահպանության բաժնի ոստիկանության ծառայողներ՝ վաշտի հրամանատար Արփենիկ Թադևոսյանը (համակարգում է 1999 թվականից), դասակի հրամանատար Կարեն Ավետիսյանը (համակարգում է 1994 թվականից) և վաշտի ավագ Համլետ Խուրշուդյանը (համակարգում է 1998 թվականից), ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու, հանցավորներին վնասազերծելիս օպերատիվություն ու վճռականություն ցուցաբերելու համար ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով արժանացել են պարգևների:









































