Սարի թաղում տեղի ունեցած հուլիսյան դեպքերից հետո կալանավորված անձանց հարազատները նախագահականի դիմաց հերթական անգամ բողոքի ակցիա են իրականացնում: Արսեն Մկրտումյանի եղբայրը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատրաստվում են նախագահ Սերժ Սարգսյանին խնդրել ազատ արձակել ձերբակալվածներին, քանի որ ապացույցներ չկան, որ նրանք ոստիկաններին ծեծի են ենթարկել:
Արսեն Մկրտումյանը, Սոսո Մարգարյանը և Գագիկ Միքայելյանը մեղադրվում են 46 ոստիկանների ուղղությամբ քարեր նետելու մեջ:
«Եթե անգամ քարը նետել է, դա ես համարում եմ նորմալ, որովհետև իր վրա էլ գցել են պայթուցիկ: Ինքն էլ քարը վերցրել, նետել է, արտառոց բան չեմ տեսնում դրա մեջ»,- նշեց Գագիկ Միքայելյանի մայրը:
«Երեք ամիս է արդեն նստած են, դատական նիստ չի կայանում: Դրա համար մենք պահանջում ենք նախագահից օբյեկտիվորեն վերաբերվել և հրահանգ տալ, որպեսզի կայացնեն արդարացի որոշում»,- ասաց Սոսո Մարգարյանի հայրը՝ հավելելով, որ երիտասարդներն այնտեղ էին գնացել, որ արյունահեղություն չլինի:
Սոսո Մարգարյանի հորեղբայրը նշեց. «Եթե Սոսո Մարգարյանը կարող է 46 ոստիկանի հարվածել, ուրեմն «վելիկան» է, այդ ոստիկաններին ազատ արձակեք, Սոսո Մարգարյանին էլ ընդունեք գործի: Մենք էլ՝ հարկատուներս, ահագին օգուտ կանենք դրանից»:
«Նկարի մեջ երևում է, որ ոտքով հարվածում է վահանին, դրա համար տանում են 8 տարի դատեն: Բայց տեսնում ենք, որ ոստիկանը պառկած ցուցարարին հարվածում է թեկուզ ոտքով, թեկուզ մահակով, բայց նրան ոչ մի բան էլ չեն անում, ինչո՞ւ պետք է այդպես լինի»,- դժգոհում են հարազատները:
Նոյեմբերի 4-ին տեղի կունենա այս գործով առաջին դատական նիստը:









































