«Ժամանակն է վերջ տալ վայրագություններին, որոնք կատարվում են լրագրողների նկատմամբ: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ՝ խոսելով լրագրողների դեմ կատարվող բռնությունների անպատժելիությունից:
«2015թ.-ի հունիսի դեպքերը աննախադեպ էին՝ թիրախավորված ԶԼՄ ներկայացուցիչներին ծեծի էին ենթարկում, հարկադրաբար բերման ենթարկում: Իսկ այս տարի ավելացավ բռնությունների թիվը լրագրողների նկատմամբ, հատուկ միջոցներ կիրառեցին: Սա աբսուրդի թատրոն է»,- ասաց Աշոտ Մելիքյանը:
«21 օպերատորի ու լրագրողի ծեծի ենթարկեցին, չիպերը հանեցին, ստիպեցին ջնջել, բայց այդ բոլորին այդ չորս ոստիկաննե՞րն են ծեծել: Սարի թաղի դեպքերի ժամանակ էլ քաղաքացիների նկատմամբ գործ հարուցվեց, կարծես թե նրանք էին հատուկ միջոցներ կիրառել: Սա ձևական է, կոծկելու միտումը, քավության նոխազ գտնելու ձեռագրին, անպատժելիության մթնոլորտին պետք է վերջ տալ, ոչ թե հորդորել մոռանալ դեպքերը»,- շեշտեց Աշոտ Մելիքյանը:
Լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով՝ հանրային և լրագրողական հատվածի նկատմամբ անցած երկու-երեք տարիների ընթացքում բռնությունների ավելացման դինամիկան ցույց է տալիս, որ Հայաստանում էապես խորացել է ավտորիտարիզմը:
«Բռնությունները, մարդու ազատությունների զանգվածային սահմանափակումները չեն կարող շրջանցել լրագրողներին: Նախկինում այս ծավալի բռնություններ չեն եղել, ինչպես եղավ Սարի թաղի դեպքերի ժամանակ, «Էլեկտրիկ Երևանի»: Վերջին 16 տարիների ընթացքում, որքան հիշում եմ, 200 հարձակում ու հանցագործություն է եղել լրագրողների նկատմամբ, բայց միան 4-ի դեպքով է պատշաճ հետաքննություն եղել»,-նշեց Լևոն Բարսեղյանը: -Մեզ հարկավոր է բացահայտում, պատիժ, որ կրկնություն չլինի, որ հաջորդ անգամ խորը մտածեն՝ արժի ծեծել, թե ոչ: Բայց քաղաքական կամք չկա, որ բացահայտվի»:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց. «Հայաստանը, լինելով միջազգային կազմակերպությունների անդամ, ձևական է ստորագրել փաստաթղթերը, որովհետև այդ մարդիկ հոգեբանորեն այդպիսին չեն, քմծիծաղ են տալիս իրենց ստորագրածի վրա: Այս մարդիկ իրենք հասկացողությամբ հարգված են իրենց շրջապատում, թագավոր են ու հանկարծ մի լրագրող է հայտնվում, որ իրենց դեմ գրում, ու իրենց հոգեբանությունը հետևյալն է՝ էդ ո՞վ դառավ, որ իր դեմ գրի, ասում են՝ գլուխդ կպոկեմ: Սա միջնադարյան հոգեբանություն է»,- նշեց Իշխանյանը: -Հույս ունենալ, որ նման հոգեբանությամբ մարդիկ կպատժվեն, ըստ Ա. Իշխանյանի, միամտություն է:
Մանրամասները՝ տեսանյութում:







































