Ռուս-վրացական սահմանի վրա ձերբակալվել է Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի 3 բնակիչ, որոնք փորձել են մեկնել Սիրիա և անդամակցել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը։ Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Հյուսիսային Օսիայի սահմանային վարչությանը։
Հաղորդագրության համաձայն՝ երիտասարդները ձերբակալվել են Վերին Լարս անցակետում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների և ՆԳՆ ստորաբաժանումների համատեղ գործողությունների հետևանքով։
Ձերբակալվածներն ընդունել են իրենց մեղքը և նշել են, որ ԴԱԻՇ-ի հավաքագրողների հետ ծանոթացել են համացանցի միջոցով։ Գերատեսչության մամլո ծառայությունից նշում են, որ «նորաթուխները» ենթարկվել են կրոնական «մշակման», բացի այդ նրանց խոստացել են մեծ գումար՝ գրոհայինների կողմից մարտական գործողություններին մասնակցելու համար։








































