Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրվող և ներկայումս «Մատրոսկայա Տիշինա» մեկուսարանում գտնվող Հրաչյա Հարությունյանի ընտանիքը սպասողական վիճակում է: Սպասում են, որպեսզի գործով նշանակված փորձաքննությունների պատասխանները ստացվեն և գործը նոր փուլ մտնի, որի արդյունքում Հրաչյա Հարությունյանը, ամենայն հավանականությամբ, կարդարացվի: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի դուստրը՝Լիլիթ Հարությունյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ ակտիվ կապի մեջ են ՀՀ ՄԻՊ գրասենյակի հետ՝ այդպիսով որոշակի տեղեկություններ ստանալով, սակայն վերջին օրերի ընթացքում ոչինչ չի փոխվել, որևէ տեղեկություն չկա գործով: Հրաչյա Հարությունյանի դուստրը տեղեկացրեց, որ երեք օր առաջ Մոսկվա է մեկնել իր հորեղբայրը՝հորը տեսակցելու մեծ ցանկությամբ, բայց ավաղ, դա դեռևս չի հաջողվել: Ըստ նրա՝ թույլ չեն տվել, թեև դեռ բանակցությունները շարունակվում են:
«Ներկայումս հորեղբայրս ոչինչ չի կարող անել, պետք է սպասի, իսկ փաստաբանները նույնիսկ ոչինչ չեն ասում այս մասին: Սպասում ենք: Հույս ունեինք, որ գնալու դեպքում գոնե նա կկարողանար տեսնել հորս, որպեսզի շատ անհանգիստ չլինեինք: Իսկ այսօր միայն ասում են, որ պետք է փորձաքննությունների պատասխանները ստացվեն, ապա նոր որևէ փոփոխություն տեղի կունենա: Ինչ է մնում անել՝ սպասել»,- ասաց Լիլիթ Հարությունյանը:
Անդրադառնալով գործով ներգրավված նոր պաշտպան Ռուբեն Մարգարյանին՝ նա ասաց, որ մեծ ակնկալիքներ ունեն: «Այն, որ նա հայտնի է, հուսադրում է, որ ամեն ինչ լավ կլինի, որովհետև հայրս անսարք փոխադրամիջոց է վարելիս եղել»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Հրաչյա Հարությունյանը, ով մեղադրվում է Նոր Մոսկվայում 18 հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով,դատարանի դահլիճ էր բերվել նվաստացուցիչ տեսքով, մասնավորապես՝ կանացի խալաթով, ինչը ՌԴ Սահմանադրության, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի համապատասխան դրույթներով մարդու արժանապատվությունը նսեմացնող հանգամանք է, և արժանացավ հայ հասարակության բողոքին: Երկուշաբթի երեկոյան դատարանը որոշում էր կայացրել 2 ամիս ժամկետով «ԿամԱԶ»-ի վարորդ Հ. Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ: Պատահարի գործով նշանակվել է 30-ից ավելի փորձաքննություն:









































