Եվրոպայի հարավի որոշ հատվածներ, ներառյալ Իսպանիայի և Պորտուգալիայի հարավը, կարող են անապատի վերածվել, եթե գլոբալ տաքացումը շարունակվի ներկայիս արագությամբ։ Նման եզրակացության են եկել Էքս-Մարսելի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Science ամսագրում։
Գիտնականները կարծում են, որ միջերկրածովյան տարածաշրջանը կհայտնվի գլոբալ տաքացումից աշխարհում առավել տուժածների թվում։
Իրենց հետազոտությունում փորձագետները կիրառել են պատմական տվյալներ և համակարգչային մոդելներ՝ կանխատեսելու կլիմայի փոփոխությունից հնարավոր էֆեկտը։ Նրանք մի քանի սցենարներ են մշակել՝ կախված մթնոլորտում ջերմոցային գազերի պարունակությունից և ջերմաստիճանի աճից։
Միակ սցենարը, որի դեպքում Միջերկրական ծովի ավազանի էկոհամակարգը կմնա անփոփոխ, նախատեսում է միջին համաշխարհային ջերմաստիճանի՝ 1 աստիճանով բարձրացում նախաարդյունաբերական շրջանի հետ համեմատած։ Այդ շեմն արդեն անցել է։ Եթե միջին համաշխարհային ջերմաստիճանը բարձրանա 2 աստիճանով, ապա Իսպանիայի և Պորտուգալիայի հարավը, ինչպես նաև Մարոկկոյի, Ալժիրի, Թունիսի որոշ շրջաններ, Թուրքիայի հարավն ու Սիրիայի որոշ հատվածներ այս հարյուրամյակի ավարտին կվերածվեն անապատի։
Գլոբալ տաքացման պատճառով միջերկրածովյան տարածաշրջանը կտառապի երաշտից, ինչպես նաև բարձր ջերմաստիճաններից։ Դա սպառնում է այնտեղ աճող բույսերին, այդ թվում ձիթապտղի ծառերին։
Միջերկրածովյան տարածաշրջանում միջին ջերմաստիճանն արդեն բարձրացել է 1,3 աստիճանով՝ համեմատած XIX դարի վերջի հետ։ Գիտնականները կոչ են արել կառավարություններին կրճատել վնասակար գազերի արտանետումների ծավալն ու դանդաղեցնել կլիմայի փոփոխումը՝ պահպանելու Միջերկրածովյան տարածաշրջանի էկոհամակարգը։








































