Արշադ Խանը, ով թեյ է վաճառում Պակիստանում՝ Իսլամաբադի շուկայում, առավոտյան արթնացել է որպես հայտնի մարդ, այն բանից հետո, երբ նրա հայրենակիցները կապուտաչյա տղայի լուսանկարները հրապարակել են Instagram-ում։ Լուսանկարիչ Ջիա Ալին երիտասարդին շուկայում նկատել է մի քանի ամիս առաջ, սակայն միայն վերջերս է հրապարակել նրա լուսանկարները սոցիալական ցանցերում։
Արշադը գրավել է նույնիսկ համաշխարհային ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որոնք կապ են հաստատել նրա հետ՝ հարցազրույց վերցնելու համար։ Լրագրողներից մեկին տված հարցարույցի ժամանակ երիտասարդն ասել է, որ ունի 17 քույր և եղբայր։ Սոցիալական ցանցի նորաթուխ աստղի խոսքով՝ թեյի վաճառքից առաջ վաճառել է մրգեր։
Նշենք, որ տեղի առցանց խանութներից մեկը ցանկություն է հայտնել համագործակցել Արշադի հետ և գովազդային առաջարկ է արել նրան։ Սակայն ոչ բոլոր օգտատերերն են հավատացել երիտասարդի հաջողության պատմությանը, լուսանկարի տակ տեղ գտած մեկնաբանություններում ոմանք նշել են, որ Արշադը շատ լավ տեսքի ունի թեյ վաճառողի համար՝ հաշվի առնելով այս ոլորտում աշխատողների չափից դուրս ցածր եկամուտը։













































