«Այս պահին «Սասնա ծռերի» խորհուրդը մշակում է կոնկրետ քաղաքականություն և գործողությունների պլան, որը 1-2 շաբաթվա ընթացքում վերջնականապես կձևավորվի, որի շուրջ էլ տեղի կունենա համախմբում»,- «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը:
Նրա խոսքով՝ «Սասնա ծռերի» գաղափարախոսությունը հենված է ազգային, ինքնիշխան, ժողովրդավարական պետության ստեղծման վրա. «Այսինքն՝ չի ստացվի այն տարբերակը, երբ Սիրիայում ռմբակոծության տակ գտնվող մարդը չի ուզում գալ հայրենիք: Իսկ պատճառն այն է, որ ունենք բազմամյա օգտագործման սադրիչների շքախումբ»:
Արմենակ Կյուրեղյանի կարծիքով՝ վերոնշյալ նպատակին պետք է հասնել քաղաքական պայքարում ընդունված բոլոր մեթոդներով, ինչի համար անհրաժեշտ է ազգովի համախմբում. ««Սասնա ծռերի» գործողությունները հասարակությանը հանեցին կոմայից: Հասարակությանը դեռ պետք է մի քիչ կազդուրվել, ուժ հավաքել, հետո նոր մտածել գործողությունների մասին: Իսկ հանրահավաքները գոլորշի են բաց թողնում ժողովրդի մեջ»:
Պարոն Կյուրեղյանը անիմաստ է համարում «գնալ և նորից գլուխը տալ պատին»՝ մասնակցելով խորհրդարանական ընտրություններին:
Խոսելով իր տղաների մասին՝ Արմենակ Կյուրեղյանն ասաց. «Երբ ազատ լինի Հայաստանը, այն ժամանակ իրենք էլ ազատ կլինեն»: