Ռուսաստանը Իրանի, Իրաքի և Եգիպտոսի ներկայացուցիչներին կոչ է արել մասնակցել Սիրիայի հարցով նախարարական բանակցություններին, որոնք տեղի կունենան այսօր, Լոզանում՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Մենք կողմ ենք, որպեսզի նրանք (Իրան, Իրաք և Եգիպտոս) գան, և մենք այս մասին ասել ենք ամերիկացիներին»,- ասել է ռուս դիվանագետը՝ նշելով, որ սիրիական հակամարտության կարգավորումն անհրաժեշտ է երկրների նեղ շրջանակում, որոնք անմիջական ազդեցություն ունեն սիրիացիների վրա։
Եգիպտոսի ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ գերատեսչության ղեկավար Սամեհ Շուքրին կուղևորվի Լոզան՝ Սիրիայի հարցով նախարարական հանդիպմանը մասնակցելու։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ հրավերը ստացվել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիից։
Իրենց մասնակցությունն ավելի ուշ հաստատել են իրանցի դիվանագետները։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնպես մեկնել է Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևի օդանավակայան՝ մասնակցելու ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և մի շարք այլ երկրների արտգործնախարարների բանակցություններին։
Հանդիպմանը ներկա կլինի նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան։ Բոգդանովի խոսքով՝ հանդիպման ընթացքում կքննարկվի Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի վերագործարկումը։








































