ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը բացահայտել է իր դաշտային հրամանատարներից մեկի դավադրությունը, ով գաղտնի անցել է Իրաքի իշխանությունների կողմը և պլանավորել է օգնել կառավարական ուժերին Մոսուլի վրա վերահսկողություն սահմանելու օպերացիայի ընթացքում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը` հղում անելով իրաքյան հատուկ ծառայությունների աղբյուրին, ինչպես նաև Մոսուլի բնակիչների վկայություններին:
Գործակալությունը մեջբերում է իրաքյան հետախուզության ներկայացուցչի խոսքերը, որը դավադրությունը գնահատել է որպես ԴԱԻՇ-ի ղեկավարության շարքերում «հեղաշրջման փորձ»: Գործակալության աղբյուրները հայտնել են այն մասին, որ 58 ենթադրյալ դավադիրներ մահապատժի են ենթարկվել այն բանից հետո, երբ անցած շաբաթ նրանց կազմակերպությունը բացահայտվել է: Դաշտային հրամանատարի անունը չի հաղորդվել, որպեսզի սպառնալիքի տակ չդրվի նրա ազգականների կյանքը:
Դավադիր զինյալները պլանավորել էին աջակցել Իրաքի կառավարական ուժերին Մոսուլի ազատագրման օպերացիայի ժամանակ, որը սպասվում է այս ամսում: Այդ նպատակով նրանք քաղաքի տարբեր մասերում սարքավորել էին զենքի գաղտնարաններ: Դավադրությունը բացահայտվել է, երբ ԴԱԻՇ-ի անդամները նկատել են նրանցից մեկի հեռախոսում կասկածելի հաղորդագրություն: Բանտարկվածը հարցաքննության ժամանակ խոստովանել է և մատնել իր համախոհներին:
Հոկտեմբերի 4-ին ենթադրյալ մասնակիցների տներում հետախուզում է կատարվել, որի ընթացքում գտնվել են զենքեր: Դավաճանության կասկածանքով ծայրահեղականները կալանավորել են իրենց կազմակերպության 58 անդամի, որոնց սպանել են: Նրանց մարմինները չեն տվել բարեկամներին, այլ թաղել են գաղտնի գերեզմանոցում:









































