«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ԳԽ պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը:
–Պարոն Բաղդասարյան, ՏԻՄ ընտրություններից հետո հայտնի դարձավ, որ ևս մեկ կուսակցություն է ի հայտ գալու մինչև 2017թ.՝ Վիկտոր Դալլաքյանի գլխավորությամբ: Նա այդ մասին հայտարարեց հոկտեմբերի 11-ին հրավիրված ասուլիսում և գնահատականներ հնչեցրեց: Ընդհանրապես նոր կուսակցությունների ի հայտ գալը այն դեպքում, երբ իշխանությունը հաղթում է, երբ ընդդիմությունը չի միավորվում և բազմակուսակցական են լինում ընտրությունները, ինչի՞ կարող է հանգեցնել 2017-ի ընտրությունների ժամանակ:
-Չեմ հետևել Վիկտոր Դալլաքյանի դեգերումներին՝ իշխանությունից անսպասելի դուրս գալուց հետո, հետաքրքիր չէ: Դեռ «Սասնա ծռեր»- ի գործողությունների ժամանակ ելույթ ունենալիս՝ և՛ Խորենացի փողոցում, և՛ Ազատության հրապարակում, և՛ իմ ֆեյսբուքյան էջում բազմիցս եմ նշել, որ եթե մենք լուրջ ենք վերաբերվում Հայաստանին՝ որպես պետության, ապա նրանք, ովքեր հայտ են ներկայացնում պետություն ղեկավարելու, պետք է նաև հասկանան թե ինչ է պետությունը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, որպես քաղաքական հարաբերությունների սուբյեկտ: Եթե ընդունում ենք, որ Հայաստանը գնում է գաղութացման, Ռուսաստանի կողմից գաղութացման փուլի մեջ է գտնվում, ապա այդտեղ պայքարելը որպես եվրոպական պատկերացումներով ազատ երկիր և կուսակցական պայքարով, թե որ կուսակցությունը կլուծի երկրի առաջ դրված խնդիրները, անախրոնիզմ է: Ես դա ասել եմ վաղուց, հիմա ավելի սուր եմ արտահայտվում՝ դա անմեղսունակություն է: Անմեղսունակության հետևանքով է, որ մենք հասել ենք այս օրեն: Ամեն մի անմեղսունակ կարծում է, որ իր դիմացինները բոլորն են արդեն անմեղսունակացել: Ինքը, որ միայն Հ1 է նայել, «Արմենիա» կամ մյուս նույնանման հեռուստաալիքները և բթացել է, նրան թվում է, թե բոլոր են այդ հեռուստաալիքները նայել և բթացել են: Ինքը, որ բոլոր հարսանիքներում 6/8 երաժշտություն է լսել, իրեն թվում է բոլորն էլ միայն դա են լսել և բթացել: Նրան թվում է՝ վերջ, էլ պետություն չարժե ունենալ, ամեն մեկս ապրենք մեր փոքր ուրախություններով, մեր փոքր հարսանիքներով, երգ ու պարով, հաջողություններով, և այդպես, որպես մի ուրախ ազգ՝ գլովենք անգոյության անդունդը:
Ովքեր որ այս մեն ինչից հետո դեռևս 2017թ.-ին ընդառաջ կուսակցություն են ստեղծում, փորձում են կուսակցական պայքար մղել և այլն, քաղաքական անմեղսունակներ են: Ես շատ խիստ եմ արտահայտվում, որովհետև հասկանում եմ, որ ինչքան պահպանում ես քաղաքակիրթ վարվելաձևը, ինչքան փորձում ես մեղմ արտահայտվել, ոչ թե կոշտ և ճիշտ, դա որևէ կերպ չի ազդում: Ես ուզում եմ, որ այսուհետ ով որ կհայտարարի կուսակցություն ստեղծելու մասին՝ կուսակցական պայքարով Հայաստանում իմիտացիոն բնույթով նպաստելով Հայաստան պետության կործանմանը, նա իմանա, որ ինքը անմեղսունակ է: Պետություն կայացնելու, որպես պետություն Հայաստանը պահպանելու, բարդ միջազգային վերաձևավորումների, պատերազմների, ոչնչացման վտանգներով հղի այս փուլում զբաղված են միայն իշխանական կռիվներ տալով, կարծես ոչինչ չի եղել, այդպիսի մարդիկ անմեղսունակ են:
-Այդ դեպքում, ըստ ձեզ, ո՞րն է մեթոդը, եթե ոչ կուսակցություններով քաղաքական պայքար մղելու և ընտրությունների միջոցով, «Սասնա ծռեր»- ի գործողություննե՞րն են նախընտրելի մեթոդ:
-Տեսեք՝ անպայման մեկին հակադրվում է մյուսը՝ եթե սա չէ, ուրեմն զենքն է: Մենք դիտարկում ենք երկրորդ, երրորդ տարբերակները, առաջին տարբերակը չենք դիտում: Մինչև «Սասնա ծռեր»- ի հանդես գալը, դեռևս 1996-ին ես առաջարկում էի պետական կառավարման համակարգը փոխելու խնդիրը որպես պետություն լուծենք, բայց դա տեսական զրույց էր…
Տեսական առաջարկները «Սասնա ծռեր»-ի ապստամբության ժամանակ լուծում գտան, որից բոլորը տարօրինակ կերպով խուսափում են: Դա ապակուսակցական խորհրդի ստեղծումն է, որտեղ կային և՛ կուսակցականներ, և՛ անկուսակցականներ, մշակույթի գործիչներ, և ժողովուրդը վստահեց: Ես համոզված եմ՝ Հասմիկ Պապյանի մեկ նամակն ավելի մեծ նշանակություն ունի, քան բոլոր քաղաքական գործիչների քաղաքական գործունեությունը:
Տեսականորեն եթե համարենք, որ Հայաստանը գնում է դեպի գաղութացում, և եթե ուզում ես պետություն ունենալ, պետք է առաջինը ազատագրական շաժում սկսես: Եթե ընդունում ես, որ Հայաստանը գնում է ֆորպոստացման, ուրեմն պիտի ընդունես, որ քո կառավարման համակարգը ուղղված է պետության չհզորանալուն, ուղղված է թուլացմանը: Ստալինյան մտածողությունը մնացել է մեր քաղաքական դաշտում: Սովետական հոգեբանությամբ՝ Ստալինն ասում էր՝ կադրերն են որոշում ամեն ինչ: Բայց տեսնում ենք, որ այդպես չէ, աշխարհը զարգացում է ապրում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:









































