Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Մեհմեթ Աքարջան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիայում ներկայումս անցկացվում է հետաքննություն, որը կպարզի 2015 թվականի նոյեմբերի 24-ին ռուսական «Սու-24»-ի խոցմանը իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցների հնարավոր մասնակցությունը:
Աքարջան ընդգծել է՝ գնալով ակնհայտ է դառնում, որ դա կարող է եղած լինել մեծ ծրագրի մաս, որպեսզի վատթարանան Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունները. «Այն մարդիկ, ովքեր հրամայել են ոչնչացնել ինքնաթիռը, և այն մարդիկ, ովքեր կատարել են հրամանը, ներկայումս կալանքի տակ են՝ Գյուլենի հետ կապերի համար: Եվ այդ մասին նրանց անպայմանորեն կհարցնեն: Իմ անձնական կարծիքն այն է, որ հենց այդպես էլ եղել է:
Դա եղել է ընդհանրապես երկրի դեմ ուղղված մեծ դավադրություն, որի նպատակներից մեկը եղել է արտաքին քաղաքական ոլորտում երկրին վնաս հասցնելը, այդ թվում նաև Ռուսաստանի հետ գժտեցնելը: Այժմ դա գնալով դառնում է ավելի ակնհայտ»:







































