Կանադայի արևելյան Նոր Շոտլանդիա նահանգում «Մեթյու» փոթորկի պատճառով ավելի քան 50 000 մարդ մնացել է առանց էլեկտրականության: Այս մասին հայտնում է CBC հեռուստաալիքը:
Սպասվում է, որ էլեկտրամատակարարումը չորեքշաբթի կվերականգնվի:
Նախնական տվյալներով՝ երկուշաբթի Սիդնի քաղաքում (Նոր Շոտլանդիա նահանգ) 225 մմ տեղումներ են արձանագրվել, ինչը հանգեցրել է ջրհեղեղի: Նշվում է, որ այդ թիվը ռեկորդային է 1981 թվականից ի վեր:
Քեյփ-Բրեթոն կղզու բնակիչները ևս առանց էլեկտրականության են մնացել: Ենթադրաբար, իրավիճակը կկարգավորվի մինչև հինգշաբթի առավոտ:
Նյուֆաունդլենդ և Լաբրադոր նահանգներում արձանագրվել են մոտ 150 մմ տեղումներ: Մի շարք շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարվել:
«Մեթյուն» դարձել է ամենուժեղ փոթորիկը Կարիբյան ավազանում վերջին 10 տարում։ Քամու արագությունը հասել է 230 կմ/ժամի։ Այն Հայիթիի հարավ-արևելքում մոլեգնել է հոկտեմբերի 4-ին և դարձել երկրում ամենախոշոր հումանիտար ճգնաժամը 2010 թ. երկրաշարժից հետո: «Մեթյուն» կիրակի թուլացել է մինչև արևադարձային ցիկլոնի մակարդակի: Փոթորկի հետևանքով Հայիթիում զոհվել է ավելի քան 372 մարդ, 211 հոգի վնասվածքներ է ստացել: ԱՄՆ-ում փոթորկի հետևանքով 33 մարդ է զոհվել:









































