Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ իր առջև ծառացած է ֆիզիկական հաշվեհարդարի վտանգ. «Հարկադիր կատարման ծառայությունը Քաղաքագետների միության գրասենյակի վրա կալանք է դրել այն նույն օրը, երբ ես մեկնեցի Արցախ: Այս մարդիկ ամեն ինչի ընդունակ են, նաև՝ սպանության»:
Նրա խոսքով՝ ճնշումները, պետական ռեկետի դեպքերը ոչ միայն չեն նվազել, այլև ընդհակառակը՝ «այս մարդիկ մտածում են շուտ-շուտ, վերջին երևանցիներին թալանել, ունեզրկել»:
«Հիմա ինձ ասում են, որ այս երկրում օրենք չկա, մեկ ա՝ էս քեզանից խլելու ենք, եթե պետք լինի՝ կյանքիդ գնով: Եվ սա ասվում է Սերժ Սարգսյանի անունից»,- ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց Հմայակ Հովհաննիսյանը:
Վերջինս նշեց, որ Քաղաքագետների միության գրասենյակն իր Ասկերանն է, իր Մարտակերտը, Քելբաջարը. «Վաղը նույնը կասեն էնտեղ՝ գլխացավանքից ազատվելու համար տվեք Քելբաջարը, տվեք Աղդամը»:
Ինչպես ասաց մեր զրուցակիցը՝ հիմա նույնն անում են իր հետ. «Ինձ ասում են՝ ինչո՞ւ ես ուզում գլխացավանքի տակ ընկնել, հեռացիր գնա, թե չէ՝ մի տեղ լոմով կխփենք գլխիդ, կվերացնենք»:







































