Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԿԸՀ-ն անվավեր է համարել 6 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները, ինչը կարող է ազդել խորհրդարանական ընտրությունների ելքի վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի ԿԸՀ-ի խոսնակ Անա Միկելաձեն՝ մանրամասնելով, որ անվավեր է համարվել 5 համամասնական և 1 մեծամասնական ընտրակարգով ընտրատեղամասերում անցկացված քվեարկությունը:
Ավելի վաղ Վրաստանի ԿԸՀ-ն հայտնել էր, որ խորհրդարան է անցնում 3 քաղաքական ուժ՝ «Վրացական երազանք» (48.65 տոկոս), «Միացյալ ազգային շարժում»՝ 27.12 տոկոս և «Վրաստանի հայրենասերների դաշինք»՝ 5 տոկոս:
Վրաստանում 77 պատգամավոր ընտրվում է համամասնական ընտրակարգով, իսկ 73 պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով: Այդ 73 ընտրատարածքից 52-ում անցկացվելու է երկրորդ փուլ, մնացյալ 21-ում հաղթել է իշխող կուսակցությունը:









































