Գերմանական հակահետախուզության ղեկավարը հայտարարել է, որ երկուշաբթի ձերբակալված սիրիացին ռումբ է հավաքել` ըստ էության, մտադրված լինելով ահաբեկչություն իրականացնել Բեռլինի օդանավակայաններից մեկում, հայտնում է BBC-ն:
Ինչպես ARD հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է Գերմանիայի սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչության ղեկավար Հանս Գեորգ Մասենը, հետախուզական ծառայությունը սեպտեմբերի սկզբից տեղեկություն է ունեցել այն մասին, որ իրենց ԴԱԻՇ անվանած խմբավորումը մտադրության ունի հարձակումներ կատարելու Գերմանիայի տրանսպորտային ենթակառուցվածքների վրա:
Անցյալ հինգշաբթի հատուկ ծառայություններին հաջողվել է Սաքսոնիայում հայտնաբերել կասկածյալին և նրա նկատմամբ շուրջօրյա հսկողություն կազմակերպել:
Դա եղել է 22-ամյա Ջաբեր ալ Բաքրը, որը Գերմանիա է ժամանել անցյալ տարի փետրվարին, փախստականների հոսքի հետ, և 4 ամիս առաջ ստացել է ժամանակավոր բնակության իրավունք:
Կասկածյալի բնակարանի հետախուզման ժամանակ հայտնաբերվել է չափազանց հզոր ռումբ` լիովին պատրաստ օգտագործման համար:
Ջաբեր ալ Բաքրը կարողացել է թաքնվել ոստիկաններից, երբ վերջիններս ցանկացել են նրան գնդակահարել մարդաշատ վայրում, և ձերբակալվել է միայն երկուշաբթի` Լայպցիգում սիրիացի փախստականների բնակարանում: Նա դիմել է նրանց իրեն թաքցնելու խնդրանքով, սակայն վերջիններս իմանալով, որ Բաքրը գտնվում է հետախուզման մեջ, կապկպել են նրան և հանձնել ոստիկաններին:







































