Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հոկտեմբերի 26-27-ին կմեկնի ԱՄՆ՝ քննարկելու համար իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը: Վերջինիս մեղադրում են հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար:
Բոզդաղը հայտարարել է, որ ամերիկյան կողմին կներկայացնի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որոնք կհաստատեն Գյուլենի հանցավոր գործունեությունը:
«Հոկտեմբերի 26-27-ին ես կմեկնեմ ԱՄՆ՝ Գյուլենի արտահանձնման հարցով շփումներ իրականացնելու համար: Ինձ հետ տանելու եմ Գյուլենի վերաբերյալ ամենալիարժեք թղթապանակը, որը երբևէ պատրաստվել է: Չի կարող լինել դրանից ավելի հուսալի թղթապանակ:
Դրանում կան թվային կրիչներում տեղ գտած մոտ 500.000 փաստաթղթեր: Եթե Գյուլենի արտահանձնումը չիրականացվի նման ամբողջական թղթապանակի հիման վրա, ապա ես չգիտեմ, թե էլ ինչ թղթապանակ կարելի է պատրաստել»,- ասել է նա:











































