«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը:
–Պարոն Արսենյան, Սերժ Սարգսյանը նախօրեին կառավարության ամբողջական կազմի հետ հանդիպման ընթացքում հանդես եկավ ելույթով, որտեղ հայտարարեց, որ հավատում է կառավարության ուժերին և հավատում է, որ այս նոր կառավարությունը կարող է անել այն, ինչը չի հաջողել նախորդ բոլոր կառավարություններին։ Դուք մեզ հետ նախկին զրույցներից մեկի ժամանակ ասել էիք, որ ողջունելի է, որ Հովիկ Աբրահամյանը իր նախորդների պես չի ստում և ասում է ճշմարտությունը տնտեսության իրական վիճակի մասին։ Բայց ինչպես տեսանք, դա էլ չփրկեց Աբրահամյանին, իսկ Կարեն Կարապետյանը ավելի հեռուն գնաց և ասաց, որ տնտեսության վիճակը շատ ծանր է։ Ինչպե՞ս եք վերաբերում տնտեսության այս տխուր վիճակի մասին մինչև վերջ բարձրաձայնելու կառավարության մոտեցմանը։
-Ես ջատագով եմ, որ ճշմարտությունը միշտ առկա լինի։ Ես ջատագով եմ հիվանդության ախտանիշների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկություն իմանալ, քանի որ եթե ցանկանում ենք բուժել այդ հիվանդությունը, պետք է ամեն ինչ իմանանք դրա մասին ու հիվանդության բարդության աստիճանը։ Ես միշտ ասել եմ, որ պետք չէ խաբել, ստել, քանի որ դրանով ոչ մի լավ բան չի արվում մեր ժողովրդին, պետությանը։ Դրանով ընդամենը հեշտացվում է իրենց կառավարման ժամանակ իրենց հանդեպ ժողովրդի վերաբերմունքը։ Եթե իշխանությունը ստախոսությամբ շարունակում է երկրի ներսում տարածել ինֆեկցիոն հիվանդությունը, ապա այդ իշխանությունը դավաճան է։ Պետք է նայել իրականությանը, ասել ճշմարտությունը, ճիշտ գնահատականներ տալ, եթե ի վիճակի են։ Ամեն մեկը չէ, որ կարող է սթափ գնահատական տալ իրավիճակին։ Դա բոլորին հատուկ չէ։
-Մինչև վերջերս ոչ ոք չէր ասում, որ տնտեսության վիճակը շատ ծանր է։ Հակառակը, ասում էին, որ դանդաղ տեմպերով, բայց աճ ունենք։ Խթանում են արտահանմանը։ Բայց հիմա մենք ականատես ենք լինում, որ ՀՀԿ-ականները ստիպված են լինում խմբագրել Կարեն Կարապետյանի ասածները։ Մեկնաբանել, որ Կարեն Կարապետյանը սա չէր ուզում ասել, նա չէր ուզում ասել։ Գողանալը գողությունը չէ։ Տեսակետ կա, որ Կարեն Կարապետյանին հրավիրելով և նոր կառավարություն ձևավորելով ցանկություն կա հասարակության մեջ մինչ առաջիկա ընտրությունները դրական մոտեցումներ ձևավորել, դրական սպասելիքներ առաջացնել։ Հնարավոր չէ՞, որ հետագայում սա հակառակ էֆեկտ ունենա։
-Ցանկացած գործընթացի ժամանակ, երբ որ ունես նպատակ և այդ նպատակին հասնելու գործիքակազմ, պետք է որոշես, թե ինչ ծրագրով ես առաջնորդվում։ Այդ ծրագիրը կարող է լինել մինիմալիստական կամ մաքսիմալիստական, տակտիկական կամ ստրատեգիական։ Եթե վերցնենք այն թեզը, որ սա ուղղված է առաջիկա ընտրություններին, ապա դա գոյություն ունենալու իրավունք ունի։ Մեր իրականությունն այս պահին դժգույն է։ Հայաստանի հասարակությունը, տնտեսությունը՝ ամեն ինչ ռեգրես է ապրում։ Պետք է կարողանալ դուրս գալ այդ վիճակից։
-Հիմա տեսակետ կա, որ Կարեն Կարապետյանին հրավիրել են, որ նա ոչ թե պարբերաբար խոսի այդ ռեգրեսի մասին, այլ հակառակը, ավելի շատ դրական սիգնալներ փոխանցի հանրությանը։ Դուք դա տեսնո՞ւմ եք։
-Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի պաշտոնին նշանակվել է սեպտեմբերի 13-ին, զբաղված է կառավարության ձևավորումով։ Մենք դեռ չենք տեսել կառավարության ծրագիրը, դա չի քննարկվել, հետևաբար ես չեմ կարող ձեր հարցին տալ տրամաբանական պատասխան։
-Իմ նշածը մինչ այս նրա արած հայտարարությունների հիման վրա է ձևավորվել։
-Այդ տրամադրությունները կառավարելի են։ Մեր հասարակությունը, ցավոք սրտի, վերածվել է կառավարելի հասարակության, կառավարվում է թերթերով, ԶԼՄ-ների կողմից արված արտահոսքերով։ Իսկ կայացած հասարակությունները ԶԼՄ-ներով չեն կառավարվում։
-Լավ, իսկ Ձեր կարծիքով՝ ի՞նչ խնդիր է դրել Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի առաջ։
-Սերժ Սարգսյանը շատ պարզ խնդիրներ է դրել. վերափոխել հասարակության մեջ առկա վատ տրամադրվածությունը իշխանության, կառավարության, օլիգարխների նկատմամբ վերաբերմունքը։ Իսկ Կարեն Կարապետյանը դրսից բերված անձ է, չի եղել այս համակարգի մեջ։ Սերժ Սագսյանի առաջ կանգնած են մի շարք խնդիրներ, որոնք ի հայտ եկան ապրիլյան պատերազմի օրերին։ Դրանից հետո պարզ դարձավ մի շարք խնդիրներ, պարզվեց, որ բանակի վիճակը, մեղմ ասած, այնքան էլ լավ չէ, դրա համար պետք էր արագ, ավելի հեռուն գնացող քայլեր անել։ Դրանից հետո եղավ հասարակական ընդվզման այդ պայթյունը ամռանը, և իշխանության առաջ հարց բարձրացավ, թե ի՞նչ պետք էր անել։ Առաջ եկան մի շարք թեզեր, ազգային համաձայնության կառավարություն և այլն։
-Իսկ այսօրվա կառավարությունը որևէ աղերս ունի՞ Ազգային համաձայնության կառավարության հետ։
-Ոչ։ Ազգային համաձայնության չէ, բայց փորձում են դարձնել ազգային վստահության կառավարություն։
–Բայց ում դեմքով՝ վերանշանակված ՀՀԿ-ական նախարարների՞, դաշնակցական նախարարների՞, թե՞ այն մարդկանցով, որոնց Կարեն Կարապետյանը նշանակել է, բայց հանրությունը նրանց չի ճանաչում։
-Գիտեք, որ հանրության անունից խոսում ենք, դա միանշանակ չէ։ Օրերս կայացած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ Գյումրին ու Վանաձորը ընտրություն են կատարել ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի ու Վանաձորում լոկալ ուժ համարվող «Լուսավոր Հայաստանի» միջև։ Մի մոռացեք, որ հասարակությունը ընտրություն է կատարել այն ուժերի միջև, որոնք վերջին ութ տարվա մեջ եղել են իշխանության մեջ։ Մնացած նոր ուժերին ձայն չի տվել։ Սերժ Սարգսյանը կատարվող փոփոխությունները կապում է վարչապետի հետ, որը պետք է իր թիմը ձևավորի և այդ թիմով կատարի փոփոխություններ։
–Հիմա ի՞նչ պետք է անի Կարեն Կարապետյանը, որ արդարացնի Սերժ Սարգսյանի սպասելիքները, որ հանկարծ 2017-ի ընտրություններից առաջ չպարզվի հանկարծ, որ այս կառավարությունն էլ է ձախողել։
-Հայաստանի տնտեսական հեռանկարները ոգևորիչ չեն։ Եվ եթե մենք ցանկանում ենք, որ Հայաստանում Կարեն Կարապետյանի կառավարությունը հաջողի, ապա այդ կառավարությունը առաջին հերթին պետք է նորմալ վիճակի բերել կրթական համակարգը, քանի որ դա կարևորագույն ոլորտ է, որը հիմա ձախողված է։ Մեր հարևան Վրաստանում, որտեղ հիմա լրջագույն փոփոխություններ են կատարվում, սկսեց կրթական համակարգից և կոռուպցիայի դեմ պայքարից։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:









































