Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ թուրք փաստաբան Մերթ Երիլմազը հայց է ներկայացրել Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի դատախազություն՝ ընդդեմ ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդի, ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար Ջոզեֆ Վոտելի և ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպերի:
Այդ անձինք մեղադրվել են հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ: Փաստաբանը հայցում ընդգծել է, որ ռազմական հեղաշրջման փորձը ղեկավարած թուրք սպաները, որոնք ծառայել են երկրի հարավ-արևելքում գտնվող «Ինջիրլիքի» ավիաբազայում, գործել են ամերիկացի զինվորականների հետ համատեղ, որոնք գտնվել են նույն բազայում:
Հայցի համաձայն՝ ռումբերը, որոնք կրել են խռովարարների ինքնաթիռները, չեն եղել Թուրքիայի զինված ուժերի սպառազինությունում: «Ինջիրլիքի» ավիաբազայի ղեկավար, գեներալ Բեքիր Էրջան Վանը քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ-ում, սակայն ամերիկյան իշխանությունները մերժել են նրան, ինչից հետո նա կալանքի տակ է վերցվել:
Փաստաբանը վկայակոչում է Վանի ստորադասների ցուցմունքները, որոնց համաձայն՝ գեներալը հեղաշրջման փորձի ժամանակ խորհրդակցություններ է ունեցել «Ինջիրլիքի» բազայում գտնվող ամերիկացի զինվորականների հետ:
Թերթը հայտնում է, որ Երիլմազի հայցը կդիտարկվի հեղաշրջման փորձի մասին գործի հետաքննման ժամանակ:









































