Հայաստանի նոր կառավարությունը շարունակելու է կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք նախորդ կառավարությունների գործունեության ընթացքում կիսատ են մնացել: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մենք պետք է նշենք, որ նախորդ կառավարություններն ունեին բավականին առողջ ծրագրեր, սակայն եղան տեմպերի դանդաղումներ, իսկ այ ծրագրերը, որոնք մնացել են ճանապարհի կեսին, այս կառավարությունը պետք է շարունակի իրականացնել»,-նշեց Բաղդասարյանը:
Պատգամավորն այն կարծիքին է, որ առաջիկայում նախ պետք է ստեղծվեն համապատասխան հիմքեր, նոր միայն դրանից հետո անցնել կոնկրետ գործողությունների, որոնք իր վրա կզգա նաև հասարակությունը: «Ես կարծում եմ, որ շատ կտրուկ փոփոխությունները կարող են ինչ-որ տեղ վտանգավոր լինել: Այսինքն, պետք է նախ ստեղծվեն հիմքերը, նոր անցնել կոնկրետ գործողությունների»,- նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Վ. Բաղդասարյանի դիտարկմամբ՝ նախորդ կառավարության տեմպերը դանդաղ էին: Նա հիշեցրեց, որ Հովիկ Աբրահամյանն ինքը հայտարարել է, որ գոհ չէ տեմպերից։
Անդրադառնալով Վանաձորում ընդդիմության հնարավոր համագործակցությանը Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ողջունում է Վանաձորում ընդդիմության հնարավոր միավորումը. «Մի նպատակի, մի հարցի շուրջ եկել են ընդհանուր հայտարարի։ Աստված տա՝ երկար տևի»։
Մանրամասները՝ տեսանյութում:








































