Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ պատգամավորները ժամանել են Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:
Պատգամավորներն այցելել են Թուրքիայի Ազգային մեծ ժողով, որտեղ հանդիպել են մեջլիսի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկման հիմնական թեման եղել է հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման ձախողված փորձը:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում գերմանականպատվիրակության ղեկավար Կարլ Լամերսը հայտնել է, որ իրենք թուրք գործընկերներին հրավիրել են Բեռլին: Նա խստորեն դատապարտել է հեղաշրջման փորձը նախաձեռնողներին և աջակցություն հայտնել թուրք ժողովրդին:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևի ընդունմանն ու դրան հաջորդած թուրք-գերմանական լարված հարաբերություններին` Լամերսը տեղեկացրել է, որ այս խնդրով երկու երկրի խորհրդարանների ղեկավարները նամակագրություն են ունեցել: Նա հույս է հայտնել, որ այդ նամակագրությունը կընդլայնի կողմերի միջև փոխըմբռնումը:
Գերմանացի պատգամավորները հոկտեմբերի 5-ին կայցելեն Ինջիրլիքի ռազմաբազա:









































