Ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի միջև բանակցությունների առաջին փուլը կկայանա հոկտեմբերի կեսին Մոսկվայում: Այս մասին TASS գործակալությանը հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյան աշխատակազմից:
«Չինաստանի հետ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների առաջին փուլը կկայանա հոկտեմբերի կեսին, Մոսկվայում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ Չինաստանում ՌԴ-ի դեսպան Անդրեյ Դենիսովը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ն և Չինաստանը բանակցություններ են սկսում առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագրի շուրջ: Դենիսովը նշել էր, որ արդեն տեղի են ունեցել մի շարք կարևոր հանդիպումներ, այցեր, պայմանավորվածություններ են ձեռք բերվել բանակցությունների աշխատանքային մեխանիզմի ստեղծման, փորձագետների կանոնավոր հանդիպումների անցկացման շուրջ:
«Բացի այդ, կողմերն արդեն որոշ մշակումներ են փոխանակել ապագա համաձայնագրի նախագծի պատրաստման վերաբերյալ, այսինքն՝ այդ աշխատանքն ընթանում է»,-նշել է դեսպանը:









































