Երևանի «Բանանց»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանն իր առաջին հարցազրույցն է տվել նոր կարգավիճակում՝ պատասխանելով ակումբի պաշտոնական կայքի հարցերին:
«Երկար տարիներ է աշխատում եմ «Բանանցում», եղել եմ գլխավոր մարզչի օգնական, վերջին երկու-երեք տարին աշխատել եմ «Բանանց-2»-ում ու լավ եմ հասկանում, թե ինչ պատասխանատվություն է դա: Կարծում եմ, որ «Բանանցը» Հայաստանի լավագույն ակումբն է՝ իր պայմաններով և մանկապատանեկան դպրոցով: «Բանանցը» միշտ պետք է պայքարի ամենաբարձր տեղերի համար և վատագույն արդյունքը պետք է լինի երկրորդ կամ երրորդ հորիզոնականը: Այս ամենից ելնելով, հասկանալի է, թե ինչ մեծ պատասխանատվություն է լինել «Բանանցի» գլխավոր մարզիչը, և մենք պետք է փորձենք թիմը միշտ պահել բարձր հորիզոնականներում», – նշել է Ոսկանյանը:
– Ի՞նչ մոտեցումներ և պլաններով եք ստանձնում այս պաշտոնը: Ինչպիսի՞ փոփոխություններպետք է ակնկալեն ֆուտբոլասերները:
– Երկար տարիներ աշխատելով «Բանանց-2»-ում ինչ-որ արդյունքի հասել ենք թիմային ֆուտբոլի հաշվին: Նույն կերպ պետք է ձգտենք, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստները եթե ոչ այսօր, ապա արդեն վաղը համալրեն «Բանանցի» շարքերը: Պետք է ձգտենք, որ նույն թիմային ֆուտբոլը, որը խաղում է «Բանանց-2»-ը, խաղա նաև «Բանանցը»:
– Դուք նշում էիք, որ «Բանանց-2»-ում կան ֆուտբոլիստներ, ովքեր պատրաստ են խաղալուԲարձրագույն խմբում: Որքա՞ն արագ են լինելու այդ փոփոխությունները:
– Փոփոխություններ կլինեն, բայց պետք է հաշվի առնենք, որ «Բանանցում» արդեն կան ֆուտբոլիստներ, ովքեր կունենան իրենց հնարավորությունը: Հետագայում արդեն, ելնելով ակումբի փիլիսոփայությունից, կգերակշռեն հայ երիտասարդ ֆուտբոլիստները: Ակումբի ղեկավարության հետ հենց առաջին զրույցը եղել է հենց այդ մասին, որ ամենակարևորն է, որ թիմում գերակշռեն երիտասարդ հայ ֆուտբոլիստները: Դա տեղի կունենա ոչ շատ արագ, ոչ հենց այսօր, սակայն արդեն ձմռանը «Բանանց-2»-ի շատ ֆուտբոլիստներ կհամալրեն «Բանանցը»:
– Մի քանի տարի աշխատել եք «Բանանց-2»-ում, որտեղ ստեղծվել է շատ լավ մթնոլորտ և ուժեղթիմ: Ինչպիսի՞ն են զգացողություններն այդ թիմից հեռանալու հետ կապված:
– Շատ դժվար է, բայց այդպիսին է ֆուտբոլը: Թե՛ որպես ֆուտբոլիստ և թե՛ որպես մարզիչ ձգտում ես քայլ առաջ կատարել: «Բանանց-2»-ը չի անտեսվելու, այն հանդիսանում է «Բանանցի» ամենակարևոր մատակարարը և շարունակելու ենք մեծ ուշադրություն դարձնել այդ թիմին:






































