Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու Վենեսուելայի առաջնորդները ողջունել են Ալժիրում ՕՊԵԿ-ի ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով ձեռք բերված համաձայնագիրը, որն առնչվել է նավթարդյունահանման սահմանափակմանը: Այս մասին նշված է երեկ Վենեսուելայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Ըստ այդմ՝ Իրանի ու Վենեսուելայի առաջնորդներ Հասան Ռուհանին ու Նիկոլաս Մադուրոն հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետ: Նրանք ողջունել են ալժիրյան համաձայնագիրը, որը միտված է հանուն արդար գնի նավթարդյունահանման սահմանափակմանն ու էներգետիկ շուկայի պաշտպանությանը:
Ռուհանին ու Մադուրոն պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը՝ միավորելու համար ուժերը՝ ի պաշտպանություն նավթի արդար գների հաստատման: Մադուրոն հաստատել է, որ մտադիր է զարգացնել Թեհրանի հետ հետագա երկկողմ հարաբերությունները:
ՕՊԵԿ-ը նախորդ շաբաթ համաձայնել էր նավթի օրական արդյունահանման ծավալը սահմանափակել մինչև 32.5-33 միլիոն բարել, սակայն կարտելի երկրներից յուրաքանչյուրի համար կոնկրետ սահմանափակումներ չեն սահմանվել:
Վերջնական որոշումը պետք է ընդունվի կազմակերպության հաջորդ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունենալու նոյեմբերի 30-ին՝ Վիեննայում:









































