Խորհրդարանի առաջիկա ընտրությունն ըստ ամենայնի կլինի երկփեղկ՝ երկու զուգահեռ ընթացող իրողություններով: Դրա մասին է վկայում ներքաղաքական զարգացումների ընթացիկ բնույթը: Ի՞նչ է տեղի ունենում այդ զարգացումներում:
Ընտրություններին ընդառաջ՝ վերադասավորումներ են տեղի ունենում իշխանության հարթության վրա, և սուր մրցակցություն է հասունանում ընդդիմադիր դաշտում: Այս երկու գործընթացները ունեն մի քանի հատման կետ, սակայն սկզբունքորեն տարբեր գծեր են: Իշխանության ներսում մրցակցությունը աստիճանաբար զիջում է իր տեղը վերադասավորման, օպտիմալացման տրամաբանությանը:
Հովիկ Աբրահամյանի հեռացումը վարչապետի պաշտոնից իշխանական համակարգը դարձրել է զգալիորեն միաբևեռ, որի գագաթին Սերժ Սարգսյանն է: Քանի դեռ նա ունի նախագահի սահմանադրական «հին» լիազորություններն ու իրավասությունները, փորձում է մինչև խորհրդարանի ընտրություն միաբևեռ իշխանությունը հնարավորինս ամրացնել: Այդ նպատակի համար կատարվում են կառավարության փոփոխությունը, դիտարկվում է Գագիկ Ծառուկյանի վերադարձը ԲՀԿ նախագահի պաշտոնին, առաջիկայում անկասկած կլինեն ներիշխանական օպտիմալացման նոր դրսևորումներ, նոր կառավարության շրջանակում ակնհայտորեն վերանայվելու է ՀՅԴ-ի հետ կոալիցիայի տրամաբանությունն ու, այսպես ասած, բալանսը:
Միաժամանակ փորձ է արվում պայմանավորվածությունների գալ ընդդիմության դաշտում որոշ խաղացողների հետ, որոնք զուգահեռաբար գտնվում են նաև ընդդիմադիր մրցակցության գծում: Ընդդիմադիր դաշտում այդ մրցակցությունը թափ է հավաքում: Այստեղ բազմազանությունն իսկապես աչքի է զարնում, և պետք է արձանագրել, որ երբեք, որևէ խորհրդարանական ընտրությունից առաջ ընդդիմադիր դաշտում չի եղել ուժերի հարաբերակցության այդպիսի լարված վիճակ: Բազմազանություն եղել է, սակայն չի եղել հարաբերակցության այդ աստիճանի լարվածություն, երբ ուժերը հավասարազոր են թե՛ հնարավորությունների, թե՛ հարաբերակցության իմաստով:
Ակնհայտ է, որ այստեղ 5 տոկոսի հաղթահարման խնդիրը նրանք պետք է լուծեն բացառապես միմյանց հաշվին՝ այդ խնդիրն իշխանության հաշվին լուծելու հնարավորություն պարզապես չկա: Այստեղ հարցը դառնում է այն, թե ով կլինի ներընդդիմադիր մրցակցության առաջատարը:
Սակայն ԸՕ շուրջ իշխանության հետ քննարկումները ցույց են տալիս նաև, որ ընդդիմության դաշտում կան ուժեր, որոնք հույսը չեն դնում միայն այդ մրցակցության վրա, այլ նաև, իսկ գուցե ամենից առաջ՝ իշխանության հետ պայմանավորվելու: Հարաբերակցությունը միայն ԲՀԿ-ի մասով կարող է խախտել Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձը, որն, իհարկե, այդ կուսակցության համար 5 տոկոսի խնդիրը կհանի օրակարգից, բայց ԲՀԿ-ն մրցակցությունից չի հանի, այլ կդարձնի այդ մրցակցությունը կառավարելու, դրան միջամտելու իշխանության հավելյալ գործիքներից մեկը:
Ներկայիս գործընթացների տրամաբանությունը հազիվ թե փոփոխության ենթարկվի 2017-ին ընդառաջ, և խորհրդարանական ընտրություններում, ըստ ամենայնի, տեղի կունենա ընդամենը երկու զուգահեռ արդյունքների համադրում՝ այդպիսով ըստ էության զգալիորեն չեզոքացնելով ի սկզբանե ամեն գնով մեկ արդյունք ստանալու իշխանության խնդիրը, ինչն էլ, ըստ ամենայնի, տվել է հնարավորություն ԸՕ հարցում գնալու որոշակի փոխզիջումների:









































